Բաժիններ՝

Մանրամասներ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները «քիչ թե շատ միասնական» են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում և անհրաժեշտ են համարում առաջիկա օրերին Սիրիայի շուրջ փաստաթղթի մշակումը։ Դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ նիստից մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Խորհուրդը, կարծում եմ, քիչ թե շատ միակարծիք էր Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման, խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության հարցում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, դիվանագետը ՄԱԿ-ի ԱԽ փակ խորհրդակցությունները գնահատել է որպես դրական։ Նեբենզյան ասել է, որ հանդիպումներում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ մշակելու անհրաժեշտությունը։ Նման փաստաթուղթ կարող է հայտնվել մոտ օրերս։

Նեբենզյայի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, զարմացած են Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից։

Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «հակասական» հայտարարություններին։«Մենք հակասական հայտարարություններ ենք լսում Իսրայելից։

Մենք չգիտենք, թե Գոլանի բարձունքների որ հատվածն է նա (խմբ.՝ Նեթանյահուն) համարում Իսրայելի մաս՝ հաշվի առնելով նրանց կողմից բուֆերային գոտու խախտումը», – ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը։

Սիրիայում իշխանափոխության մասին լուրերի ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զորքերին հրամայել էր մտնել բուֆերային գոտի` նշելով, որ Գոլանի բարձունքներում բուֆերային գոտու մասին Իսրայելի և Սիրիայի միջև գործող համաձայնագիրը ներկայում դե ֆակտո գոյություն չունի։

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Իսրայելն այս քայլով խախտում է 1974 թ. Սիրիայի և Իսրայելի միջև կնքված տարանջատման մասին համաձայնագիրը։

Իր հերթին, դեկտեմբերի 9-ին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքները, որոնք Իսրայելի կողմից օկուպացված են շուրջ 60 տարի, «հավերժ կմնան Իսրայելի մասը», քանի որ Իսրայելի կողմից ավելի բարձր դիրքերի հանդեպ վերահսկողությունն «ապահովում է անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս