Բաժիններ՝

Մի շարք երկրների արձագանքը Սիրիայում իշխանության տապալմանը

Սիրիայում իշխանության տապալումից հետո մի քանի երկրներ, այդ թվում՝ երկրից հեռացած նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցները, հայտարարել են, որ հետաքրքրված են Սիրիայի ապագայով, և ցանկություն են հայտնել դերակատարում ունենալ Սիրիայի նոր կառավարությանն աջակցելու գործում: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ռուսաստանը, որն ըստ ԶԼՄ-ների, Ասադին և նրա ընտանիքին ապաստան է տվել Մոսկվայում, հայտարարել է, որ Սիրիայում իր ռազմակայանները գտնվում են «բարձր պատրաստվածության» վիճակում, սակայն Կրեմլում աղբյուրներից մեկը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ հակակառավարական ուժերը երաշխավորել են նրանց անվտանգությունը։

Մոսկվայի նախաձեռնությամբ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը։

Իրանը, որը նույնպես աջակցում է Բաշար ալ-Ասադին, հայտարարել է, որ ակնկալում է, որ Սիրիայի հետ «բարեկամական» հարաբերությունները կշարունակվեն։ Ըստ Tasnim գործակալության՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանը հարգում է Սիրիայի միասնությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և ընդգծելով, որ միայն սիրիացիները կարող են որոշել երկրի ապագան։

Ըստ հայտարարության՝ Թեհրանը կոչ է անում «սկսել ազգային երկխոսություն՝ ներգրավելով սիրիական հասարակության բոլոր հատվածները՝ ստեղծելու կառավարման ներառական կառույց, որը կներկայացնի բոլոր սիրիացիներին»:

Թուրքիան, որն աջակցում է ապստամբների որոշ խմբավորումներին, ասում է, որ կակտիվացնի ջանքերը՝ օգնելու ապահովել Սիրիայի խաղաղ և կայուն ապագան առաջիկա օրերին:

Ըստ BBC-ի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ասում է, որ դա ներառում է ուղիներ փնտրել, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրից հեռացած միլիոնավոր սիրիացիները, որոնցից շատերը հայտնվել են Թուրքիայում, վերադառնան հայրենիք:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սիրիան կանգնած է «պատմական հնարավորության» պահի առաջ, և խոստացել է թույլ չտալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտվի Սիրիայում ստեղծված քաղաքական վակուումից և ամրապնդի դիրքերը։

Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ Պեկինն ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս