Ո՞ր հիվանդությունների դեպքում իմպլանտ չի կարելի տեղադրել, ինչո՞ւ է վնասվում ոսկորը

Բոլորն են ցանկանում ունենալ ճերմակ ատամներ և հոլիվուդյան ժպիտ։ Իսկ թե ինչպե՞ս է ցանկությունը հնարավոր դարձնել իրականություն, այս մասին զրուցել ենք բժիշկ-ատամնաբույժ Նժդեհ Շադոյանի հետ։

– Սպիտակ ատամնաշարը սկզբնական շրջանում հասանելի էր միայն հոլիվուդյան աստղերին, մինչև այն պահը, երբ 1940-ական թթ. կեսերին Մերիլին Մոնրոն աշխարհին ցույց տվեց իր փայլուն և սպիտակ ժպիտը։ Ինչպե՞ս կարելի է ունենալ նման ատամնաշար։

Հոլիվուդյան ժպիտի գաղափարը լավ չեմ հասկանում, քանի որ ավելի շատ բիզնես է, քան բժշկություն։ Երբ ինձ դիմում են այդ նպատակով, ուզում եմ հասկանալ, թե մոտիվացիան ո՞րն է։ Եթե ատամներն ախտահարված են, ունեն կծվածքի խնդիր, ատամնաշարը թեքված է, այս դեպքում արդեն ուղղորդում ենք հատուկ մասնագետի մոտ։ Եթե բուժառուին խանգարում է գույնը, ապա բուժման շատ տարբերակներ կան։ Կարելի է պարզ սպիտակեցում անել։

– Ատամների գույնն ինչո՞ւ է մգանում։

Կարդացեք նաև

– Կան զանազան պատճառներ։ Կարող է լինել, որ հյուսվածքն ի ծնե տարբեր պատճառներով մուգ է։ Ատամը մի քանի շերտից է բաղկացած։ Դենտինային շերտն ատամի գույնը որոշող հյուսվածքն է, և, եթե դրա գույնը մուգ է, ապա ատամները ևս մուգ են երևում։ Արտաքին ազդակներից են՝ շատ ծխելը, ատամները լավ չխնամելը, տարին երկու անգամ ստուգման չգնալը, ատամնաքարերը չմաքրելը։ Իսկ երբ տարբեր պատճառներով էմալային շերտը մաշվում է, ատամի գույնն ավելի է մգանում։

– Ատամները սպիտակեցնելու մի շարք միջոցներ կան, որոնք վաճառվում են, անգամ տնային պայմաններում սոդայով են փորձում նման արդյունք ստանալ։ Այս ամենը վնասակար չէ՞։

Բուժառուներ կան, որ ասում են՝ սոդան ազդեց, բայց սոդան, իմ կարծիքով, ոչ թե թափանցում է դենտինային շերտի մեջ և գույնը բացում է, այլ արտաքին գործոններով պայմանավորված՝ մուգ գույնը գուցե մաքրի։ Սակայն պետք է բժշկի հսկողությամբ այնպիսի նյութեր օգտագործվեն, որոնք կներթափանցեն դենտինային շերտ և գույնը կբացեն։ Սա է սպիտակեցում ասվածը։

– Հիմա նորաձև են վինիրները։

– Մարդիկ այնպիսի տպավորություն ունեն, որ վինիրներով կարելի է հոլիվուդյան ժպիտ ունենալ։ Վինիրների հնարավորություններն ընդհանրապես ճիշտ չեն ներկայացնում։ Վինիրները բուժման միջոց են։ Օրինակ, կծվածքն ուղղելու լավ միջոց են, և կարելի է ատամի շերտը քիչ քերելով և չվնասելով՝ ունենալ ատամնաշար ու վերականգնել կծվածքը։ Ատամնաշարը վերականգնելու համար օգտագործվում են կերամիկական վինիրներ։

Այսինքն, խնդիր ունենալու դեպքում է պետք վինիրներ դնել, ոչ թե սպիտակ ատամնաշար ունենալու։

– Կարևոր է պարզել խնդիրը, ատամների շարվածքը, մարդու տարիքը։ Եթե միայն գույնն է խնդիրը, կամ ատամները շատ ծուռ են, վինիր չեմ առաջարկում։ Ատամների ծռությունը բրեկետներով են ուղղում։

– Մարդիկ, ովքեր վինիր են տեղադրել՝ դժգոհում են, որ ատամներն իրարից հեռանում են։ Նման բան հնարավո՞ր է։

– Չէ։ Ճիշտ վինիրների դեպքում չի լինի։ Եթե նման բան կա, ապա ախտորոշումը ճիշտ չի արվել։ Գուցե բուժառուն ոսկրային կորուստ ունի, բարդություններ են առաջացել դրա պատճառով, կամ՝ լնդի խնդիր կա։ Այս ամենը պետք է բուժել, նոր վինիր տեղադրել։

Հնարավո՞ր է՝ վինիր տեղադրվի, բայց լայն ժպտալու դեպքում ներքևի հատվածից ատամի իրական գույնը երևա։

– Այստեղ արդեն մի քիչ տեխնիկական խնդիր կա։ Վինիրը ոչ մի վնաս չի պատճառում, ամեն ինչ սխալ ախտորոշումից է գալիս։ Եթե բուժառուի ատամները շատ փոքր են, արդեն պետք է կանխատեսել, որ վինիրով չի լինի, որովհետև այն ունի 0,7 մմ հաստություն, ու եթե դրանից ավելի շատ տաշենք ատամները, արդեն կարելի է շապիկ տեղադրել։

– Վինիրների, շապիկներ դեպքում նյարդը երբեմն չեն հեռացնում։ Բա որ ատամը փչանա, ի՞նչ են անելու։

– Վինիր տեղադրելու նպատակներից մեկն այն է, որ շատ տաշելով նյարդը չվնասենք։ Երբեմն մարդիկ մտածում են, որ արհեստական շապիկ՝ վինիր ունեն, ուրեմն՝ ատամները պաշտպանված են, կարող են լավ չխնամել, բայց հակառակն է։ Եթե բնական ատամներն օրը երկու անգամ ես լվանում, արհեստական կոնստրուկցիաների՝ իմպլանտների, վինիրների, շապիկների դեպքում այդ երկուսը պետք է երեք դարձնես և ավելի խնամքով մոտենաս, որովհետև ատամներիդ վրա օտար մարմիններ կան։

Վինիրը քանի՞ տարի է ծառայում մարդուն։

– Կոնկրետ թիվ չկա։ Ամեն ինչ գալիս է ախտորոշումից, ծրագրված աշխատանքից և ճիշտ տեղադրումից։ Այս ամենի առկայության դեպքում երկար տարիներ կարող է ծառայել՝ 10-15 տարի։

– Ի՞նչ չի կարելի անել վինիրների դեպքում։

– Հիմնականում մի քանի ցուցում կա։ Սկզբում բացասական մի քանի փոփոխություն կարող է լինել, որին պետք է դիմանալ։ Այսինքն, ավելի շատ պետք է օգտագործեն դանակ, պատառաքաղ, արևածաղիկ, պիստակ, սառույց, ադի-բուդի չպետք է դնեն ատամների արանքում և կոտրեն։ Վերջիվերջո, կերամիկան ապակու նման է ու, եթե ապակե դարակին կարողանում ես ապրանքը դնել ու ոչինչ չլինի, քար դնես՝ կճաքի։ Որպեսզի հետևի ատամները միշտ առողջ մնան, ապա սննդի մնացորդը միշտ պետք է թելերով մաքրել։

– Կա՞ն հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է վինիրը։

– Որպես մատերիալ՝ չի վնասում, այլ է՝ իզուր անելը։ Եթե լնդային, ոսկրային խնդիր կա, ատամնաշարը շարժվում է, արդեն ուրիշ լուծման մասին պետք է մտածել։

– Գեղեցիկ, բնական ատամների գրավականներից մեկն էլ իմպլանտն է։

Տեսականորեն կարելի է ամբողջ ատամնաշարն իմպլանտ տեղադրել, բայց գործանականորեն շատ հանգամանքներ պետք է հաշվի առնել և մինիմալի իջեցնել։ Ենթադրենք՝ լրիվ անատամ ծնոտ է, եթե հետազոտությունները ճիշտ արվեն, ապա 4-6 իմպլանտով կարող է լիարժեք ծամել, սակայն նախկինում կարող էին ասել, որ 8-ից պակաս պետք է չլինի։ 10-20 տարի առաջվա իմպլանտն ու շապիկավորման համակարգը հիմա լրիվ տարբեր է։

– Հնարավո՞ր է՝ իմպլանտները ոսկրային խնդիրներ առաջացնեն։

Կրկին գալիս է ախտորոշումը։ Եթե մեկը եկավ, առանց հետազոտություն անելու նայեմ՝ բացակա ատամ ունի, ու ասեմ՝ այո, կարելի է իմպլանտ դնել, այս դեպքում կարող է վնաս հասցվել ոսկորին, որովհետև գուցե կողքն անատոմիական արմատ կա կամ նյարդ, հայմորյան խոռոչ։

Պետք է չմոռանալ և անպայման բուժառուին հարցնել առողջական վիճակի մասին։ Արդյո՞ք վիտամին D-ի, կալցիումի պակաս ունի կամ վահանաձև գեղձի խնդիր։ Այս ամենն ազդում է ոսկորի վրա և նախապես չիմանալու դեպքում, իմպլանտները տեղադրելուց հետո, երբ խնդիրներ լինեն՝ պետք է մեղադրենք իմպլանտին, ոչ թե իմպլանտը տեղադրողին։ Պատահել է, որ մարդուն ուղակել եմ արյան անալիզ հանձնելու, և վիտամին D-ն անբավարար է եղել։ Այս դեպքում ավելի լավ է բուժառուին ասել, որ ավելի լուրջ խնդիր ունի, քան իմպլանտն է։

– Ստացվում է, կան հիվանդություններ, որոնց դեպքում իմպլանտ չե՞ն տեղադրում։

– Շատ կան։ Առաջին հերթին պետք է բուժվեն այդ հիվանդությունները, հետո նոր իմպլանտ տեղադրվի։ Ատամնաշարի և մկանային համակարգի խնդիրների դեպքում ևս պետք է բուժառուին բացատրել, որ եթե իմպլանտ տեղադրի, ապա այս ամենից պետք է ձերբազատվի։ Մեզ մոտ դեռ չկա այդ մոտեցումը, որ ծխողին արգելեն իմպլանտ դնել, սակայն ԱՄՆ-ում, Եվրոպայում կարծեմ մարդիկ թուղթ են ստորագրում, որ տեղյակ են՝ ծխելը կարող է վնասել իմպլանտին։

– Հակացուցումների մեջ նաև շաքարային դիաբե՞տն է։

Այո։ Եթե մարդը հետևում է իր առողջությանը, բժշկի ցուցումներին՝ նորմալ է, սակայն, եթե ամեն օր արյան մեջ շաքարի պարունակության թիվը տարբեր է, վտանգավոր բուժառու է համարվում, պետք է կարգավորի։ Երբեմն բժշկից պաշտոնապես թուղթ ենք ուզում, որ սիրտ-անոթային խնդիր կամ շաքարային դիաբետ ունեցող մարդը հսկողության ներքո է, որ ավելի վստահ լինենք։

– Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որ իմպլանտը դառնա ատամ։

– Ներքևի ծնոտի դեպքում սովորաբար 3-4 ամիս են սպասում, իսկ վերևի ծնոտի դեպքում՝ 4-6 ամիս։

– Եթե մարդն ունի բացակա ատամ և չի ուզում իմպլանտ, ի՞նչ է առաջարկվում։

– Նախ պետք է հասկանանք, թե մարդն ինչո՞ւ է վախենում։ Բայց կան այլ տարբերակներ, օրինակ, պրոթեզավորման շարժական տարբերակը, կամուրջները և այլն։

Պրոթեզ ունեցող մարդիկ կարո՞ղ են տեղ-տեղ իմպլանտ տեղադրել։

– Այո։ Եթե եկավ բուժառու, ով, ենթադրենք, 85 տարեկան է, չի կարողանում ծամել, մենք իրեն չենք առաջարկում այնպիսի լուծում, որ պետք է 6-8 իմպլանտ տեղադրենք։ 2 իմպլանտի դեպքում մի քանի տարի կարող է կիսաշարժական պրոթեզ ունենալ։ Երիտասարդ տարիքի դեպքում կարելի է առաջարկել ավելի բարդ լուծում՝ 4 իմպլանտ։

Իմպլանտի դեպքում ուժգին ցավեր հնարավո՞ր են։

– Վիրահատության ժամանակ կամ տեղադրելու պահին՝ ցավը բնական է։ Լնդային վիրահատության դեպքում, որպեսզի կարողանանք իմպլանտ տեղադրել, մի քիչ ագրեսիվ ձևով է լինում և առաջիկա 2-3 օրերի ընթացքում սպասվում են ցավեր, այտուց։ Սովորաբար մեկ շաբաթից ցավերն անցնում են, բայց եթե կրկնվում են, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ են, որոնք վիրահատության հետ կապ չունեն։ Կամ բորբոքումներ են առաջանում, կամ փափուկ հյուսվածքների, նյարդի վնասվածք է եղել միջամտության ժամանակ։

Կարո՞ղ է օրգանիզմը չընդունել։

– Այո, քանի որ իմպլանտների հաջողությունը 98-99 տոկոս է, ոչ 100։ Բարեբախտաբար, օրգանիզմի չընդունելու ֆակտորը բավականին քչացել է։ Իմպլանտների վրայի մշակման մակերեսն ահագին զարգացել է, իսկ հիվանդությունները, որ ունեն, սկսեցին հսկել, ու բոլորը գումարելով՝ իմպլանտի հաջողության տոկոսը բարձր է։ Սակայն, եթե որևէ պատճառով մարդու իմունիտետը թուլանում է, կարող է ազդել, օրինակ, լյարդի, ատամների, ինչպես նաև օտար մարմինների վրա, ասենք՝ իմպլանտի։

Որքա՞ն ժամանակ է իմպլանտը դիմանում մարդուն կամ մարդը՝ իմպլանտին։

Կախված է նրանից, թե իմպլանտի տեղադրման պահին ի՞նչ ոսկոր ենք ունեցել, իմպլանտն ի՞նչ լայնքով է դրված, դրան գումարած՝ շապիկը։ Այս ամենն է որոշում իմպլանտի կյանքը։ Կարող է բորբոքում առաջանա իմպլանտի շուրջ, եթե բուժառուն ատամը չի խնամել, շապիկավորումը ճիշտ չի արվել կամ իմպլանտ անելու պահին ոսկորի բավարարությունը նկատի առնված չէ։ Արդյունքում, 2-3 տարի հետո կարող են կորցնել իմպլանտը։ Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է պլանավորված, մարդը տարին 2-3 անգամ ստուգման է գնում, սա արդեն նպաստում է, որ իմպլանտը տասնյակ տարի ծառայի։

Տեսանյութեր

Լրահոս