«Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2

Դեկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը՝ «Կրթվելը նորաձև է» քաղաքական-հասարակական արշավի շրջանակում հերթական հանդիպումն է կազմակերպել, որին ներկա է եղել նաև Արծրուն Հովհաննիսյանը, ինչը և սպասելի էր, քանի որ օրեր առաջ հրապարակային իր լիարժեք աջակցությունն էր հայտնել Աննա Հակոբյանին:

Մենք նրան ուշադրության կենտրոնում չէինք պահի, եթե նա չլիներ գործող սպա և պաշտոն չզբաղեցներ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, ինչի մասին նախորդ հոդվածում արդեն գրել ենք:

168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ գործող սպան կարո՞ղ է աշխատանքային ժամին ծառայության հետ կապ չունեցող միջոցառման կամ հանդիպման մասնակցել, եթե Աննա Հակոբյանի հետ 6-ժամյա քննարկումը ծառայության հետ կապ ունեցող է համարվում, ապա կանոնադրության մեջ և փաստաթղթերում համապատասխան սահմանում պիտի լինի, քանի որ զինվորականի ցանկացած քայլ դե յուրե, ըստ էության, կանոնակարգված է:

Մենք նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել ենք պարզել՝ արդյո՞ք Արծրուն Հովհաննիսյանը թույլ չի տալիս Սահմանադրության 14-րդ հոդվածի խախտում, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Հարցման պատասխանը ստանալուն պես կներկայացնենք:

Կարդացեք նաև

Նախորդ հոդվածում հարցադրում ենք բարձրացրել, որ Արծրուն Հովհաննիսյանի դեպքում հատկապես, ըստ էության, Աննա Հակոբյանի արշավին հրապարակային և լիարժեք աջակցությունը քաղաքական կողմնորոշման դրսևորում է, քաղաքացի Արծրուն Հովհաննիսյանի դեպքում ընտրությունն իրենն է, բայց գործող սպա Արծրուն Հովհաննիսյանը որոշակի սահմանափակումներ պիտի ունենա, և ոչ թե Աննա Հակոբյանի սոցցանցերում, օրինակ, ակտիվ մեսիջներ հղի «տգետներին»:

Օրինակ, երեկ Արծրուն Հովհաննիսյանը «սպառնացել է»՝ «լույսը հաղթելու է խավարին», բնականաբար, ոչ առանց «Աննա Հակոբյան» հեշթեգի:

Մինչ այս նույն կարգախոսն ավելի շատ լսել էինք Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարի համատեքստում, որը, ի դեպ, ևս քաղաքական չէր համարվում, այն հանուն Հայաստանի, արժեքների ու քաղաքակրթական փոփոխությունների է:

Մյուս կողմից, իհարկե, նշվում էր՝ ովքեր են խավարից, ինչն է խավարից, և, որ առաջադրված խնդիրները քաղաքական լուծում պիտի ստանան:

Ինչևէ, Արծրուն Հովհաննիսյանը «խավարի» դեմ Աննա Հակոբյանի հետ իր ակտիվ «լույսի պայքարն է» սկսել՝ դիմելով նաև Կոմիտասի «օգնությանը»:

Հետաքրքիր է՝ Աննա Հակոբյանը, Արծրուն Հովհաննիսյանը պատկերացնո՞ւմ են, թե ինչ կասեր Կոմիտասը, եթե տեսներ՝ ինչպես է աղավաղվում Հայոց պատմությունը, ինչպես է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հետին պլան մղվում, ինչպես են կատարվում թուրքական պահանջները:

Ի դեպ, Կոմիտասն իր նամակներից մեկում նկատել է, որ մեր ապագան հարթելու համար «նախ պետք է մեզ օտարներին ծանօթացնել. ցոյց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսոյ որդեգիր ու կարապետ ենք խաւար վայրերում, շինարար ենք…»:

Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ աշխարհը մեզ որպես ազգ-նահատակ է ընկալում, այն դեպքում, երբ ինչպես մի առիթով Վազգեն Սարգսյանն էր ասել՝ մենք սկսել ենք զոհի, մազապուրծի հոգեբանությունից, և եկավ դրա վերջը, և արցախյան առաջին պատերազմի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթահարեց զոհի հոգեբանությունը, մեզ համարեցին ագրեսոր, որն ավելի լավ է, քան մազապուրծը:

Հիմա փաստորեն նորից հետ ենք գնացել, պատմաբան Արծրուն Հովհաննիսյանը կարո՞ղ է ասել՝ մենք ե՞րբ կորցրեցինք «ագրեսորի» համբավը և նորից նահատակի անվանը վերադարձանք:

Գուցե, երբ կորցրեցինք Արցախը, դարերից եկող Արցախի հոգևոր և մշակութային կենտրոնները, եկեղեցիները, որոնցից այսօր թուրքը ոչնչացնում է հայկական հետքը:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ի՞նչ է կարծում՝ Արցախը և Շուշին հայկակա՞ն են, թե՞ ոչ, իսկ դրանք ոչ հայկական համարողներն ի՞նչ են:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլին լրատվամիջոցներից մեկի՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին «վատ» հոդվածին արձագանքելով, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին մի գրառում էր արել, որն այսօր արդեն հեռացված է, բայց լրատվամիջոցներում այն պահպանվել է։

«Երեկ մեր մամուլի «փայլուն» ներկայացուցիչներից մեկը տպել էր հերթական «գոհարը» Սեյրան Օհանյանի մասին:

Գիտակցելով ձեր մակարդակն էլ, նպատակներն էլ, մղումներն էլ, կուզենանք ձեր «գոհարը» մանրամասնել նաև այլոց համար: Նախ բուն տեքստի առաջին իսկ մասում կա մի այնպիսի արտահայտություն, որով ի ցույց եք դնում ձեր կեցվածքը ոչ միայն ազգային հերոսի, այլ ողջ հայության նկատմամբ:

Ծայրաստիճան դատապարտելի է Շուշին Ադրբեջան համարելը: Նույն իմաստով ներկայացնենք, որ հիմնականում Բաքվի թերթերն են այդպես նշում, ինչպես նաև խոսում ղարաբաղյան կլանի մասին: Հայ ժողովրդի նկատմամբ նման ազգադավ քայլ կամ դրան նպաստող քայլ կարող են իրենց թույլ տալ հասկանալի կատեգորիայի մարդիկ:

Կարծում ենք՝ հասարակությունը դեռ արժանիորեն կգնահատի ձեր արարքը:

Ի գիտություն Ձեզ, նշեմ նաև, որ ԽՍՀՄ-ի ժամանակ տարածաշրջանի երեք հանրապետություններից միայն Բաքվում կար համազորային ուսումնարան, և եթե դու ընդունվում էիր ԽՍՀՄ-ի համազորային ուսումնարան, ապա մասնագիտական կրթություն պետք է ստանայիր Բաքվում, իսկ եթե հրետանավոր էիր ուզում դառնալ, ապա պետք է մեկնեիր Թիֆլիս: Դա նաև խորհրդային քաղաքականության բաղադրիչներից էր:

Խոսելով ակադեմիական կրթության մասին, հեղինակը կամ իր պատվիրատուները, բնականաբար, պատկերացում չունեն, որ Սեյրան Օհանյանն այն անձն է, ով առանց այդ ակադեմիական կրթության՝ որպես շտաբի պետ, մշակում էր մարդկության պատմությանն ապշեցնող Շուշիի, Ակնի, Կովսականի ազատագրության նման ռազմագործողություններ, որոնք այսօր ուսումնասիրվում են աշխարհի ակադեմիաներում: Մարդ, ով առանց այդ կրթության՝ մայորի, փոխգնդապետի կոչումով հաղթում էր ադրբեջանական գեներալներին, մշակում էր ու մշակում է ռազմավարական և մարտավարական աննախադեպ լուծումներ և անվտանգության հարցերով քաղաքագիտության թեկնածու է…

Հ.Գ. Սեյրան Օհանյանը հայոց պատմության բացառիկ հերոսներից է, թե պատերազմի, թե խաղաղ օրերի հերոսներից: Այն, ինչ ստեղծեց, հիմնադրեց Վազգեն Սարգսյանը և համակարգային մակարդակի հասցրեց Սերժ Սարգսյանը, ինստիտուցիոնալ նոր պահանջներին է համապատասխանեցնում Սեյրան Օհանյանը: Սա, բնականաբար, ոմանց հասկանալու մակարդակից բարձր է: Ներկայումս բանակում իրականացվող բարեփոխումների մասին սերունդները խոսելու են շատ ժամանակ հետո: Մենք շատ լավ գիտենք, թե այդ խորքային բարեփոխումները, որոնց արդյունքները դեռ հետո կերևան, քանի մարդկանց դուր չեն գալիս, քանի որ նրանք դրանով զրկվում են ապօրինությունների լայն հնարավորություններից:

Շատ պարզ ու հասկանալի է, որ այդ մարդիկ, տեսնելով օրեցօր խստացող կանոնները և օրինականության հաստատումը, դիմում են նենգությունների: Վերջին երկու զորակոչներն իրենց մակարդակով աննախադեպ են եղել, ինչից շահել է միայն մեր երկրի անվտանգության համակարգը»,- մասնավորապես, գրել էր Արծրուն Հովհաննիսյանը, որտեղ, ըստ էության, հաստատում է մի պարզ ճշմարտություն, որ թշնամուն կարելի է պարտվել ակադեմիական կրթություններով և հակառակը:

Իհարկե, այսօրվա ժամանակակից պատերազմների, արագ զարգացող ռազմաարդյունաբերության պայմաններում, արհեստական բանականության պայմաններում լավ կրթությունը, լավ ռազմական կրթությունը, անընդհատ կրթվելն ու ինքնակրթվելն ավելի քան կարևոր է, հատկապես, երբ դիմացիդ թշնամին էլ նախկինը չէ, բայց սա բավարար չէ հաղթելու համար, եթե երկրի ղեկավարը հեռու է ռազմական գործից, ռազմաքաղաքականությունից, դիվանագիտությունից, երբ ի վիճակի չի աշխարհաքաղաքական պահերը և հնարավորությունները ճիշտ գնահատել, և անընդհատ խնդրողի դերում է, երբ բառի բուն իմաստով՝ հզոր և մարտունակ բանակ ունենալ չի ուզում, երբ անընդհատ բարոյահոգեբանական ճնշում է գործադրում բանակի, զինվորի, սպայի և գեներալի վրա:

Գուցե մի օր մանրամասն հասկանանք՝ ինչու փորձառու զինվորականները ձախողեցին 44-օրյա պատերազմում, որովհետև մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ՞ր, նաև Թուրքիա՞ն էր, որը ռազմական պլաններում հաշվի չէի՞ն առել, թե՞ այլ պատճառներ էլ կային: Մյուս կողմից, Արծրուն Հովհաննիսյանը պետք է որ լավ իմանա, որ հիբրիդային պատերազմում պարտվողը չի կարող հաղթել, ինչպես նաև տեղեկատվական պատերազմում պարտվողը։ Բնականաբար, պատերազմի ժամանակ տեղեկատվության մատուցումն իր օրենքներն ունի, բայց կա սահման, որը չի կարելի հատել, օրինակ, չի կարելի հստակ չպատասխանել՝ Գետաշենը գրավե՞լ ենք, թե՞ ոչ, կամ՝ Գյանջայի օդանավակայանի ոչնչացման պատմությունը, դեռ չեմ նշում սխալ լուսանկարների տարածումները… այս շարքը կարելի շարունակել և անհրաժեշտության դեպքում առանձին քննարկման նյութ դարձնել:

Իսկ մինչ այդ նշենք՝ գիտություն չունենալու պատճառով ժողովուրդը կործանվում է, այո, ըստ Աստվածաշնչի, բայց կյանքը ցույց է տվել, որ «կիրթ սրիկաները» ևս կործանում են բերում, և ավելի վատ է, երբ «սրիկան» նաև կիրթ չէ…

Տեսանյութեր

Լրահոս