Վրաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է․ սա կարելի է համարել նրա «վերջին փամփուշտը»․ տարածաշրջանային հարցերով փորձագետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչ 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո Թբիլիսիում և վրացական խոշոր քաղաքներում իրավիճակը կտրուկ սրվել է։

Երեկվանից Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ վերսկսվել են բազմահազարանոց բողոքի ակցիաները, որտեղից ցուցարարները երթով դեպի խորհրդարան են շարժվել։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը, սակայն, հավանական չի համարում վրացական ընդդիմության հաջողությունը։

«Վրաստանի գործող իշխանությունը շատ պինդ է, և չեմ կարծում, թե ընդդիմությունն այս մեթոդներով կարողանա ինչ-որ բանի հասնել»,- 168․am-ի հետ զրույցում պարզաբանեց մասնագետը։

Կարդացեք նաև

Ընդդիմության ցույցերին Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մասնակցության ու նրա կողմից Արևմուտքին ուղղված հայտարարությունների վերաբերյալ իր դիտարկումներում էլ Կարեն Իգիթյանը հիշեցրեց՝ լրանում է Վրաստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը, հետևաբար, սա կարելի է համարել նրա «վերջին փամփուշտը»։

Նշենք՝ Վրաստանի նախագահն այսօր առավոտյան համացանցային գրառմամբ ահազանգել էր, թե Վրաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ ակնկալում է բուռն արձագանք եվրոպական մայրաքաղաքներից։

Առհասարակ, տարածաշրջանային իրավիճակին անդրադառնալով՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանն ուշադրություն հրավիրեց արևմտյան երկակի ստանդարտների կիրարկման դրվագներին։

«Մենք տեսնում ենք՝ ինչպիսի մեծ ճնշում են գործադրում Վրաստանի իշխանության դեմ՝ չնայած ընտրություններն ընթացան մեծաթիվ դիտորդների ներկայությամբ։ Այսինքն՝ Վրաստանի գործող իշխանությունները չէին վախենում նրանից, որ դիտորդները կգան-կտեսնեն՝ ինչ իրավիճակ է իրականում, քանի որ գիտեին՝ մեծամասնությունն իրենց էր սատարում։ Եվ տեսնում ենք, որ ընդհանրապես որևէ ճնշում չկա Ալիևի վարչակազմի վրա, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումներ է իրականացրել, սպառնում է ուժ կիրառել՝ խախտելով ՄԱԿ-ի հիմնական փաստաթղթերը,  իսկ Ադրբեջանում ազատ ընտրությունների վերաբերյալ ընդհանրապես խոսք չի կարող լինել»,- մանրամասնեց նա։

Ըստ Կարեն Իգիթյանի՝ Արևմուտքի այս քաղաքականությունը շարունակական է լինելու, և նույնիսկ ԱՄՆ-ի դեպքում՝ Թրամփի նոր վարչակազմի կողմից ևս ենթադրվում է երկակի ստանդարտների քաղաքականության պահպանումը նաև այս տարածաշրջանում, քանի որ դա էֆեկտիվ գործիք է երկրների վրա ազդեցություն ունենալու համար։

«Արևմուտքն արդեն երկար տարիներ մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերն օգտագործում է որպես գործիք՝ որոշ երկրների վրա ճնշում գործադրելու համար․ օրինակ, դա նույն Հայաստանի դեմ էր երկար օգտագործվում։

Իսկ այժմ տեսնում ենք, որ այն, ինչ անում է Վրաստանի իշխանությունն այսօր, ու այն, ինչ անում էր Հայաստանի գործող իշխանությունն ընդդիմության հանդեպ՝ շատ ավելի կոշտ մոտեցումներով, տարբեր կերպ է արձագանքի արժանանում. Հայաստանի իշխանությունը սատարում էր ստանում, իսկ Վրաստանի իշխանության դեմ ինչ կոշտ ելույթներ են լինում։ Երկակի ստանդարտների այս քաղաքականությունը, միանշանակ, շարունակվելու է, որովհետև սա շատ էֆեկտիվ գործիք է»,- ամփոփեց Կարեն Իգիթյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս