«Այնքան էլ միանշանակ չէ Լիբանանում հրադադարի տևականության և Գազայի հատվածում հրադադար հաստատելու հարցը». Արմեն Պետրոսյան

Երկու ամիս առաջ Լիբանանում Իսրայելի կողմից սկսած ռազմական գործողությունները 60 օրով դադարել են։ Հրադադարը հաստատվել է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջնորդությամբ՝ պայմանով, որ այդ ընթացքում «Հեզբոլլահ»-ը պետք է Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը դադարեցնի, իսկ իսրայելական ուժերը պետք է դուրս գան երկրից:

Նոյեմբերի 27-ի առավոտյան 04։00-ին հրադադարը հաստատվել է, Լիբանանում բնակիչները մեծ տոնախմբություն են արել, իսկ երկրի հարավի բնակիչները, որոնք երկու ամիս շարունակ Լիբանանի տարբեր վայրերում էին ապաստան գտել, շարունակում են վերադառնալ հարավ։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը, որը շուտով թողնելու է պաշտոնը, նաև հայտարարել է, որ միջնորդելու են, որպեսզի Գազայում ևս հրադադար հաստատվի  Պաղեստինի և Իսրայելի միջև։

Արդյո՞ք Լիբանանում Իսրայելը կպահպանի հրադադարի ռեժիմը, Գազայում Լիբանանի օրինակով կլինի՞ սպասված հրադադարը։

Կարդացեք նաև

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ  Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Լիբանանում նույնիսկ մինչև 60 օր հրադադարի պահպանումն է հարցականի տակ, որովհետև կան կարևոր գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։

Առաջին գործոնը Միացյալ Նահանգների ակտիվ ջանքերն են հրադադարի հաստատման հարցում։

«Բայդենի վարչակազմը բավականին մեծ զիջումների գնաց անցած մեկ տարվա ընթացքում Իսրայելի իշխանություններին՝ ապահովելով բավականին լուրջ դիվանագիտական, ֆինանսական, ռազմական հովանոց՝ Իսրայելի ազատ գործելու համար, թե՛ Լիբանանի, թե՛ Գազայի հատվածում։ Հիմա ԱՄՆ հեռացող վարչակազմին՝ նախագահ Ջո Բայդենին Իսրայելի կողմից անզիջում մոտեցումները, վստահ, հետագայում կարող են որոշակի ազդեցություն ունենալ ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումներում։

Երկրորդ գործոնն այն է, որ Իսրայելն այդուհանդերձ փորձում է որոշակի դրական միջավայր ձևավորել ԱՄՆ նոր վարչակազմի հետ բանակցությունների մեկնարկին ընդառաջ։ Այսինքն՝ եթե Թրամփի վարչակազմի պաշտոնավարման մեկնարկին շարունակվեր պատերազմը, բնականաբար, Իսրայելի վրա փորձ էր արվելու որոշակի ճնշումներ գործադրել։ Չմոռանանք, որ Թրամփը խոստացել էր, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո փորձելու է խաղաղություն ապահովել ամբողջ աշխարհում։ Սա ենթադրում էր, որ Իսրայելի վրա կարող էին որոշակի ճնշումներ լինել, իսկ Իսրայելը չի ցանկանում այդ կետից սկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Այս համատեքստում փորձագետը նաև հավելեց, որ Իսրայելի համար կարևոր է ԱՄՆ-ի հետ ձևավորել դրական բանակցությունների մթնոլորտ, որի պարագայում հնարավորություն կունենա առաջ մղել իր համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, հատկապես՝ գլոբալ անվտանգության խնդիրները, ինչն արդեն կապված է Իրանից եկող սպառնալիքներն արմատական առումով կանխելու խնդրի հետ։

Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ հրադադարի հարցում կարևոր դեր է խաղացել նաև Միջազգային քրեական դատարանի ընդունած վճիռը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտին ձերբակալելու վերաբերյալ։ Եվ այստեղ Արևմտյան երկրների հետ գուցե որոշակի պայմանավորվածություններ են եղել, որ նրանք փորձելու են ինչ-որ կերպ իրավական եղանակով կանխել այդ վճռի իրականացումը։

«Գիտենք, որ Նեթանյահուի կողմից այս ռազմական գործողությունների հրահրելը որոշակի ներքաղաքական նպատակների էր ուղղված՝ իր իշխանությունը պահպանելուն։ Հիմա եթե Նեթանյահուն մնալու է իշխանության, բայց նրա տեղաշարժը շատ սահմանափակ է լինելու՝ արդեն անտրամաբանական է։ Դրա համար չեմ բացառում, որ Իսրայելի կողմից հրադադարի հաստատման հարցում գնացել են փոխզիջումների՝ արևմտյան երկրների կողմից որոշակի մեխանիզմների գործադրման դիմաց, որպեսզի Միջազգային քրեական դատարանի կայացրած վճիռը տեղի չունենա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Արմեն Պետրոսյանը նաև նկատեց՝ քանի որ այսօր աշխարհում և տարածաշրջանում գլոբալ առումով շարունակվում են անորոշությունները, չի բացառվում, որ Իսրայելի կողմից կրկին ռազմական գործողությունների ակտիվացում տեղի ունենա, եթե մի բան այնպես չլինի։

Օրինակ, եթե ներքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ Իսրայելի ներսում պահանջեն Նեթանյահուի հրաժարականը, չի բացառվում, որ նա ներքաղաքական հարցերը սահմանափակելու նպատակով գնա ռազմական գործողությունների ակտիվացման։

Ինչ վերաբերում է Գազայի հատվածում հնարավոր հրադադարին, Արմեն Պետրոսյանն ասաց՝ երկու դեպքում էլ՝ թե՛ Լիբանանում, թե՛ Գազայի հատվածում Իսրայելը մեծ հաշվով լուծել է իր առջև դրված խնդիրները։ «Հեզբոլլահի» մասով մեծամասամբ Իսրայելը գլխատել է կառույցի ղեկավարությանը, Իսրայելի հետ սահմանին այդ կառույցի ներկայությունը զգալիորեն սահմանափակվել է։ Նույնը՝ նաև Գազայում ՀԱՄԱՍ-ի մասով։

«Մեծ հաշվով, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ն իշխանություն չունի։ Այստեղ հարցն այն է, թե որն է լինելու հրադադարի գինը, իսկ Իսրայելն այդ հրադադարին հասնելու համար ինչ-որ նոր խոստումներ է կորզելու, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, դա կարող է կապված լինել Իրանի հետ, նաև ռազմական ու ֆինանսական աջակցություն ստանալու հետ։ Բայց և այնպես կրկնեմ՝ այնքան էլ միանշանակ չէ Լիբանանում հրադադարի տևականության և Գազայի հատվածում հրադադար հաստատելու հարցը։

Այս պահին Իսրայելի համար մեծ նշանակություն ունի Գազայի հատվածում կառավարմանը մասնակից դառնալը, որին դեմ են թե պաղեստինցիները, թե տարածաշրջանի երկրները, անգամ արևմտյան դերակատարները։ Եթե կառավարման հարցում կոնֆլիկտային Գազայի հատվածում Իսրայելը կարողանա որոշակի ներկայություն ապահովել, ապա, բնականաբար, առանց երկմտելու՝ պատերազմը կկարողանան դադարեցնել»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս