Բայդենն Ուկրաինայի համար 725 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում. Reuters
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինայի համար 725 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյայի։
Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի ԱՄՆ-ի պահուստներից տարատեսակ հակատանկային զենքեր, ականներ, անօդաչու թռչող սարքեր, արկեր՝ Stinger շարժական զենիթահրթիռային կայանքների համար և զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար։
Փաթեթն, ըստ Reuters-ի տրամադրության տակ հայտնված ծանուցման, կարող է ներառել նաև կասետային զինամթերք։Այս ամենը պետք է օգնի ուկրաինական զինված ուժերին՝ զսպելու ՌԴ-ի առաջխաղացումն Ուկրաինայի արևելքում, որը տեմպեր է հավաքել վերջին ամիսներին։
Reuters-ի զրուցակիցները նշում են, որ Կիևին նոր օգնություն տրամադրելով՝ Ջո Բայդենը ձգտում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, նախքան Դոնալդ Թրամփը հունվար ամսին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատել է Կիևին ռազմական օգնություն հատկացնելու պայմանները: Նոյեմբերի 27-ին նա Քիթ Քելոգին նշանակել է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հարցերով հատուկ պատվիրակ։