Ինչո՞ւ է Արփինե Սարգսյանն ազատվել փոխնախարար Համբարյանից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։
Մեզ պատմեցին, որ ոչ միայն ազատել է պաշտոնից, այլեւ հեռացրել է նախարարությունից։ Իսկ Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում:
Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում եւ բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց։
Համբարյանի՝ նախարար դառնալու ձգտումներն այնքան նկատելի են եղել, որ անգամ ՆԳՆ-ում, որտեղ նման խարդավանքներ շատ են տեսել, այդ դրսեւորումներին վատ էին վերաբերվում:
Ասում են՝ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար»: