Մեր նահատակներին պարտք ենք. մեր կյանք բլբլոցներ են լցվել՝ անելիքներին զիջելով. անելիքները պետք է առաջ գան. Արթուր Սահակյան
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ռեժիսոր Արթուր Սահակյանը ներկայացրեց իր նոր մյուզիքլը՝ «Երևան 20-24»-ը. ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին։ Սա յուրահատուկ ձոն է նախ՝ Երևանին, ապա՝ Երևանի կոլորիտը միշտ վառ պահող մարդկանց, պատերազմով անցած ու ողջ մնացած հերոսներին, ինչպես նաև պատերազմում անմահացած հերոսներին։
Երաժշտության և երգերի տեքստերի հեղինակը Քրիստ Մանարյանն է։
Պատերազմի, սիրո, պայքարի ու Երևանի մասին բեմից հանդիսատեսին պատմեցին երիտասարդ դերասանները, նրանցից շատերի համար սա առաջին բեմելն էր։ Գլխավոր հերոսուհին ԱՄՆ-ից Հայաստան ժառանգության հարցերով ժամանած Նվարդն է, իսկ հերոսը՝ Գոռը, ով 44-օրյա պատերազմից հետո գամված է հաշմանդամության սայլակին, պատերազմում կորցրել է 3 հավատարիմ ընկերներին, հրամանատարի հետ հրաշքով են փրկվել։
Նվարդի ու Գոռի հանդիպումը ճակատագրական է լինում երկուսի համար, ծնվում է մեծ սեր, որն էլ Գոռին ստիպում է պայքարել քայլելու համար։ Գոռի ու Նվարդի կողքին ապրում են նաև Գյուլնազարյանները, որոնց կյանքի միակ նպատակը փողն ու շահն է, իսկ պատերազմում կռված ու հաշմանդամություն ձեռք բերած տղաները նրանց համար միայն «ինվալիդներ» են։
Ներկայացման միջոցով ռեժիսորը ցույց է տալիս, որ դժվար իրավիճակներում ընկճվել պետք չէ, պարզապես պետք է սիրել ու պայքարել, այնպես, ինչպես պայքարեցին ներկայացման գլխավոր հերոսները՝ Նվարդն ու Գոռը։
«Մենք զինվորներին պարտք ենք, մենք մեր նահատակներին պարտք ենք։ Իրենք մեզ հսկում են, գնացին ու մեր անդորրը հսկում են։ Թե ինչ ենք պարտք, յուրաքանչյուրը թող իր հերթին մտածի։ Ես կոնկրետ գիտեմ՝ ինչ ենք պարտք, մնում է, որ բոլորն իմանան դա։ Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք ու դեռ կորցնում ենք, շարունակելու ենք կորցնել, եթե այսպես շարունակվի։
Գիտեք, մեր կյանք բլբլոցներ են շատ լցվել, անելիքներին զիջելով։ Մինչդեռ անելիքները պետք է առաջ գան՝ կոնկրետ անելիքներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սահակյանը՝ խոսելով ներկայացման գլխավոր ուղերձի մասին։
Նրա խոսքով՝ ներկայացման գլխավոր հերոսը դեռ ուսանող է, բայց հասցրել է ծառայել հայոց բանակում, ուրախ է, որ և՛ նրա, և՛ ներկայացման մյուս երիտասարդ դերասանների հետ ծանոթացել է։ Խոստովանում է՝ նրանց հետ աշխատանքը կլանող է եղել, բոլորն էլ տաղանդավոր երիտասարդներ են։
«Մեր հերոսները նրանք են, որ մեզ հոգի են բերում, ներկա են մեր քաղաքացիական կյանքում։ Այս հերոսները զորավիգ են իրենց գաղափարին։ Ես այս ամենին հավատում եմ, եթե չհավատանք այս ամենին, բա ինչի՞ն հավատանք»,- նշեց Արթուր Սահակյանը։
Հարցին՝ մեր օրերում արդյո՞ք ազգային գաղափարները չեն նսեմացվում, Արթուր Սահակյանը պատասխանեց՝ ներկայացում են բեմադրում, որպեսզի իրենց դիրքորոշումը դրա վերաբերյալ արտահայտեն։
«Այդ նսեմացնողներին պետք է նսեմացնել՝ շատ դաժան»,- շեշտեց Արթուր Սահակյանը։
Նա նաև ասաց՝ իրականության մեջ բաներ կան, որոնք նույնիսկ թատերական անդրադարձի արժանի չեն։ Ժամանակին իրեն ասում էին, թե «Խաթաբալադան» Վանո Սիրադեղյանի մասին է, բայց դեռևս այն ժամանակ է ասել՝ որևէ քաղաքական գործիչ արժանի չէ բեմ ելնելու, խոսքը 1996 թվականի մասին է։
«Չեմ ուզում այլանդակության անդրադառնալ, արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկից»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։