Կառավարությունը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության և խնամքի համակարգի բարեփոխումների նոր օրենսդրական փաթեթ

Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակել է մի շարք օրենքների նախագծեր, որոնք ուղղված են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը։ Նախագծերն անդրադառնում են ընտանեկան, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի մշակմանը։

Նախագծերի փաթեթը նպատակ ունի լուծելու մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կապված են երեխաների իրավունքների պաշտպանության հետ, այդ թվում՝ երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի ապահովում, հաշվի առնելով նրա տարիքն ու հասունության մակարդակը, երեխաների պաշտպանության ինստիտուցիոնալ բարեփոխում, ներառյալ՝ համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության մասնագիտական ներուժի զարգացում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների աջակցություն, խնամքի և դաստիարակության նոր ձևաչափերի կանոնակարգում, որդեգրման և խնամատարության գործընթացների արդիականացում, այդ թվում՝ դատավարական ժամկետների կրճատում և գաղտնիության պաշտպանության մեխանիզմների ամրապնդում, իրավական կարգավորումների հստակեցում՝ հատկապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի վերաբերյալ։

«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքով կապահովվի երեխայի պաշտպանության համակարգի ամբողջականությունը, կհստակեցվի պետական և համայնքային մարմինների դերակատարությունները, կներառվի տվյալների հավաքագրման և վերլուծության արդիական մեխանիզմներ։Փոփոխություններն ընտանեկան օրենսգրքում նախատեսում են սահմանել երեխայի լսված լինելու և նրա լավագույն շահը հաշվի առնելու իրավական չափանիշները, ապահովել ծնողական իրավունքների զրկման կամ սահմանափակման անհատականացված մոտեցում։

Քաղաքացիական և դատավարության օրենսգրքերում փոփոխությունները նախատեսում են որդեգրման գործընթացը դարձնել ավելի քիչ տրավմատիկ և սթրեսային երեխաների համար, կրճատվել են որդեգրման դատավարական գործընթացի ժամկետները, երեխաների պաշտպանության աշխատանքներում ներգրավվեն համայնքային սոցիալական աշխատողները, կապահովվի համայնքային մակարդակում պրոակտիվ մոտեցում։

2013 թվականին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների պաշտպանության կոմիտեն շեշտել էր երեխաների պաշտպանության համակարգի թերությունները Հայաստանում։ Գործնականում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մոտ 50 տոկոսը չի ստանում բավարար աջակցություն։ Հիմնական խնդիրներն են՝ մասնագիտական ներուժի պակաս համայնքային և տարածքային մակարդակներում, երեխայի իրավունքների խախտման դեպքերի բացահայտման և արձագանքման բացեր, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի համակարգի անկատարություն։Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը՝ համապատասխանեցնելով Հայաստանի օրենսդրությունը միջազգային պարտավորություններին և չափանիշներին։

Նախագծերում հիմք են ընդունվել Շվեդիայի, Չեխիայի, Էստոնիայի և այլ երկրների փորձը։ Սրանց հաջողված մոդելները կարող են ապահովել ավելի արդյունավետ և ներդաշնակ երեխայի պաշտպանության համակարգ։

Տեսանյութեր

Լրահոս