Մինչ Փաշինյանը մտածում է «ներկայի» կատեգորիաներով, Ալիևը մտածում է «ապագայի» կատեգորիաներով. Սերգեյ Մելքոնյան
Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան».
Նիկոլ Փաշինյանը քննարկման նոր թեմա է առաջադրել, որը կապված է Արևմտյան Հայաստանի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հակադրության հետ։ Այս երկու հասկացություններն արմատապես տարբերվում են։
1. Արևմտյան Հայաստանը պատմական տարածաշրջան է։ Իսկ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը» աշխարհաքաղաքական ճարտարապետության չիրականացված արգասիք է, որը երբեք գոյություն չի ունեցել։
2. «Արևմտյան Ադրբեջանը» հակադրվում է «Հայաստանի Հանրապետություն» նախագծին և նպատակ ունի ժամանակակից հայկական պետականության ոչնչացումը։ Արևմտյան Հայաստանը չի հետապնդում Թուրքիայի ոչնչացումը։ Այն այլընտրանքային անվանում է ժամանակակից Արևելյան Թուրքիայի, որը հակադրվում է տվյալ տարածաշրջանի անվանումներից մեկին, ինչպիսին օրինակ Արևելյան Անատոլիան է։
3. Փաշինյանի թեզի հիմնարար անհիմնությունը կայանում է նրանում, որ նա փորձում է «Արևմտյան Հայաստան» պատմական տերմինը ներառել իր «իրական Հայաստան» նոր հարացույցում։ Մինչդեռ Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» կոնստրուկտը ներառում է պատմական հարացույցում՝ փորձելով հնարել «պատմական հիմնավորումներ»։
Այսինքն՝ մինչ Փաշինյանը մտածում է «ներկայի» կատեգորիաներով, Ալիևը մտածում է «ապագայի» կատեգորիաներով։ Հետևաբար՝ այս երկու հասկացությունները նույն հարթության վրա դնելը միայն այն պատճառով, որ դրանցում կա «արևմտյան» բառը, առնվազն անլուրջ է։
Փաշինյանը, ըստ էության, քննարկման նոր օրակարգ է սահմանել։ Մի կողմից՝ այս քննարկմանը մասնակցելը նշանակում է օրակարգի լեգիտիմացում և դրա տարածմանն օժանդակություն։ Մյուս կողմից՝ մեկնաբանությունների և քննադատության բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ Փաշինյանի դիրքորոշումը համապատասխանում է բնակչության մեծամասնության կարծիքին»։