Կարևոր է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության փաստաթուղթը հիմնված լինի փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա. ՌԴ դեսպան

Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև որքան հնարավոր է շուտ կայուն խաղաղություն տիրի և, միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա։

Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և մինչև 2024 թվականի ավարտը երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը։

«Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Բնականաբար, Մոսկվայում շահագրգռված են, որ որքան հնարավոր է շուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառը հետևանքի»»,-ընդգծել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը նախկինի պես պատրա՞ստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Կոպիրկինը նշել է. «Մենք հստակ տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախորդած իրադարձությունները»։

Դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է հայերին և ադրբեջանցիներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։

«Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք՝ բանակցող կողմերը։ Այս առումով ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,-եզրափակել է Սերգեյ Կոպիրկինը։

Տեսանյութեր

Լրահոս