Քաղաքական գործչի տապալումը ներելի է, հոգևորականինը չի հաջողվելու. ինձ համար անհասկանալի է այդ մարդու՝ տապալված շարժման փշրանքները հավաքելու ձգտումը. Նարեկ Մալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղտեխնոլոգ, «ՎԵՏՕ» նախաձեռնության և հակասորոսական շարժման ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն անդրադարձել է նաև Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը։
«Բագրատ սրբազանի շարժումն ուներ 2 դրական կողմ։ Նախ՝ մենք վերջապես տեսանք, որ Հայաստանում կա լուրջ մեծամասնություն, ովքեր ատում են այս իշխանություններին։ Այդ մարդիկ դուրս եկան փողոց։ Դա բավարար քանակ էր՝ արձանագրելու համար, որ Հայաստանում Փաշինյանի իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ։ Երկրորդ լավ բանը, որ Բագրատ սրբազանի շարժումը ցույց տվեց, այն էր, որ անհամատեղելի մարդկանց մի գաղափարի շուրջ համախմբելու հնարավորություն Հայաստանում կա։ Այլևս ոչ մի ընդդիմության լիդեր չի կարող ասել, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց։ Լավ բան էր նաև այն, որ Բագրատ սրբազանը բացահայտ նիկոլական մուդից գաղթեց դեպի ընդդիմության դաշտ։ Վատ բանն այն էր, որ ծրագիր գոյություն չուներ»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ սխալ էր վարչապետի թեկնածուի պարտադրանքը, իսկ ամենամեծ սխալը ոչ բավարար անկեղծությունն էր:
«Ակնարկներ էին արվում, որ դա Եկեղեցու շարժումն էր։ Դա Եկեղեցու շարժում չէր, այլ եկեղեցականի շարժում էր։ Ինձ համար անհասկանալի էր, որ Բագրատ սրբազանը հայտարարում էր, որ ինքն է վարչապետի թեկնածուն, բայց պահպանում էր Կանադայի քաղաքացիությունը։ Երբեք ՌԴ վերնախավը չի օժանդակի ինչ-որ մեկի, ով բրիտանահպատակ երկրի՝ Կանադայի քաղաքացիություն ունի, իսկ իշխանություն փոխելու համար պետք է աշխարհաքաղաքական բևեռների աջակցությունը»,- ասաց Նարեկ Մալյանը:
Հասարակական գործիչը կարծում է՝ Բագրատ սրբազանի շարժման մարդաշատությունն ապահովել էին նախկին շարժումները։
«Քաղաքական գործչի տապալումը ներելի է, հոգևորականինը չի հաջողվելու։ Ինձ համար անհասկանալի է այդ մարդու՝ տապալված շարժման փշրանքները հավաքելու ձգտումը»,- նշեց նա:
Նարեկ Մալյանը Բագրատ սրբազանին նաև հեռակա մի քանի հարց ուղղեց։
«Եթե իրոք գալու է այն օրը, որ ինքը բոլորին հանի փողոց, արդյո՞ք ճիշտ չէր լինի Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելը։ Քանի որ ես բաց եմ թողել իր՝ նիկոլասիրությունից դեպի նիկոլատյացություն անցնելու ճանապարհը, կուզեմ հարցնել՝ դա ե՞րբ եղավ, ե՞րբ նիկոլականից դարձավ հականիկոլական։ Օրինակ՝ ինքն այն մարդն էր, որ Տավուշի թեմում ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ոչ կանոնիկ կերպով քավոր կանգնելուն էր օժանդակել։ Ինքն ասում է՝ ուղղակի գնացել, կանգնել եմ։ Ես դա չեմ հասկանում։ Ավելի անկեղծ կլիներ, եթե ասեր՝ ժողովուրդ ջան, գնացել եմ, որովհետև հավատացել եմ, կներեք։ Արքեպիսկոպոսի կարգավիճակը հոգևորական էլիտա է ենթադրում։ 2018թ․ կային մոլորյալներ և մոլորեցնողներ։ Մոլորյալների հետ ես խնդիր չունեմ։ Մոլորեցնողներն են իմ խնդիրը»,- նկատեց Նարեկ Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: