Բաժիններ՝

Խունկ, աղոթք և խոնարհում

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անսահման կենսախինդ ու բարեսիրտ, մշտարթուն հոգատարությամբ տիկին Ռիտան, վստահաբար, չէր կարող ականատես լինել այն ամենին, ինչ կատարվեց Արցախում և ինչ տեղի է ունենում Հայաստանում: Սարսափելի աղետի և շարունակվող բարոյալքման, համատարած կեղծիքի ու չարության հետ նա երբեք չէր հաշտվի:

«Ննջեց, որ չխենթանա»,- Ռիտա Ալեքսանդրովնայի՝ երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տալու ցավագին իրողության մասին այսպես են մտածում նրան լավագույնս ճանաչողները:

Առաջին տիկնոջ առաքելությունը մարդկանց ժպիտ պարգևելն էր, դժվարին պահին նրանց ցավն ամոքելը, հայ ընտանիքներում երջանկությունը նորոգելը. տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ և բազմաթիվ ընտանիքներ են երջանկացել Ռիտա Ալեքսանդրովնայի նվիրումի և ջանքերի շնորհիվ՝ լեյկեմիայի և աուտիզմի կենտրոններում բուժում ստացող մանուկներից մինչև Հայրենիքի պաշտպանի տանը վերականգնվող զինհաշմանդամներ, «Արագիլ» հիմնադրամի միջոցով արհեստական բեղմնավորման ծրագրի իրագործման արդյունքում զավակ ունենալու բախտին արժանացած ընտանիքներ, խնամքի կենտրոններում ապաստանած՝ ուշադրության, հոգատարության կարիք ունեցող տատիկներ ու պապիկներ:

Ստեղծագործ ներաշխարհով Առաջին տիկինը մեծ խանդավառությամբ էր իրականացնում նաև մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով հայրենի Արցախում ևՀայաստանում մշակույթի զարգացմանը։

Թող Ռիտա Ալեքսանդրովնայի բոլոր բարի գործերը երկնքում բարեխոսություն դառնան նրա լուսավոր ու ազնիվ հոգու համար:

Աստված հոգիդ խաղաղության և լույսի մեջ պահի, սիրելի՛ տիկին Ռիտա: Ննջիր խաղաղությամբ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս