Ի՞նչ կապ ունեն ՀՀ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունները և Թրամփի ընտրությունը

Այն պաշտոնանկությունները, որոնք տեղի ունեցան ՀՀ–ում, կադրային ջարդ դժվար է անվանել։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասաց կովկասագետ Կարեն Իգիթյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան աշխատանքից ազատել է երկու նախարարի և չորս բարձրաստիճան պաշտոնյայի։

«Մենք չգիտենք` հետագայում պաշտոնանկ արված այս մարդկանց հետ ի՞նչ կարող է լինել։ Հիմա գործից հանել են, հնարավոր է` հետագայում նոր պաշտոններ տան, որը, օրինակ` հաճախակի լինում էր սահակաշվիլական Վրաստանում»,- նշեց Իգիթյանը։

Հայաստանում տեղի ունեցած այս պաշտոնանկությունների հարցում նա ուղիղ կապ է տեսնում ԱՄՆ–ում տեղի ունեցած ընտրությունների հետ, երբ հաղթեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պաշտոնանկ եղած անձանց մեջ կային մարդիկ, որոնք ավելի շատ կապ ունեին ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ։ Սա ՀՀ իշխանությունների կողմից ևս մեկ քայլ է ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»,– կարծիք հայտնեց կովկասագետը։

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը, տարիներ շարունակ լինելով երկրի ղեկավար, խաղում էր ընդդիմադիրի դերը։

«Այնպիսի տպավորություն էր, որ ինքը մինչև հիմա ընդդիմադիր է, և ինքը չէ այդ հարցերը լուծում։ Դա շատ հարմար տակտիկա է, որն առաջին մի քանի տարին աշխատեց, հիմա դա նույն ձև չի կարող աշխատել»,- ասաց Իգիթյանը։

Այս պաշտոնանկություններով Փաշինյանը նոր ընտրությունների է պատրաստվո՞ւմ հարցին կովկասագետը դժվարացավ հստակ պատասխանել։

«Եթե նոր ընտրություններ են, ինչո՞ւ հենց այդ մարդկանց հեռացրեց։ Այս մարդիկ այնքան էլ հանրային չէին, այդքան չէին խոսում, ու չկար այդ օրակարգը, որ ռեպրեսիվ ապարատի Եժովներին բոլորին պետք է հանեն, ու ինքը դրանով կմաքրվի։ Համենայնդեպս, ես նման օրակարգ չեմ նկատել»,– ավելացրեց Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս