Կիևին հրթիռներ չմատակարարելու Շոլցի դիրքորոշումը չի փոխվի

Գերմանիան նախապես տեղեկացվել է ԱՄՆ-ի որոշման մասին, որը թույլ է տալիս Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին, սակայն դա չի ազդի Կիևին Taurus հրթիռներ մատակարարելու` կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշման վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Գերմանիայի կառավարությունը նախապես տեղեկացվել է։ Դա չի փոխի Ուկրաինային Taurus հրթիռներ չմատակարարելու կանցլերի որոշումը», – ընդգծել է նա։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար ամերիկյան հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Թերթի տվյալներով՝ նման հարվածներ կարող են հասցվել ATACMS հրթիռներով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման թույլտվությունը, եթե իսկապես տրվել է, կհանգեցնի լարվածության նոր փուլի: Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է Ռուսաստանի դիրքորոշումն իր տարածքի վրա հեռահար զենքի օգտագործման վերաբերյալ:

ՌԴ նախագահը նաև ասել էր, որ Կիևին նման սպառազինություն տրամադրելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրներում քննարկումները փաստացի ցույց են տալիս հակամարտությունում նրանց ներգրավվածության աստիճանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի անմիջական մասնակցությունը կփոխի հակամարտության բնույթը և կստիպի Ռուսաստանին ձեռնարկել միջոցներ, որոնք կհամապատասխանեն ստեղծվող սպառնալիքներին:

Տեսանյութեր

Լրահոս