Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների․ նոր մեղավորների անունները հայտնի են

Սեփական մորուքը սափրելուց հետո, Նիկոլ Փաշինյանը որոշեց «թրաշել» նաև իշխանությունը։ «Մթության քողի տակ» հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմումներ գրել միանգամից մի շարք առանցքային պաշտոնյաների, որոնք այս տարիներին էական դերակատարություն էին ունեցել իր իշխանության մեջ ու  իշխանությունը պահպանելու գործում։

Այս ընթացքում, իհարկե, բազմիցս խոսվել է սպասվող կադրային փոփոխությունների մասին, սակայն դրանք համառորեն տեղի չեն ունեցել։ Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բոցաշունչ ելույթից հետո, փոփոխություններ սպասվում էին, բայց ոչ այսքան արագ։ Այնինչ՝ դատելով վերջին զարգացումներից, այդ ժամանակ արդեն ամեն ինչ կանխորոշված էր։ Նիկոլ Փաշինյանը որոշել է ռեստարտի ենթարկել սեփական իշխանության դեմքը և փրկել շրիշակից ներքև իջած վարկանիշը։

Ընտրությունները մոտենում են և այդ քայլով նա, ըստ էության, փորձում է իշխանության համատարած ձախողումների մեղքը բարդել այս պաշտոնյաների վրա ու վերադարձնել անարդարությունների նկատմամբ անհանդուրժող լինելու իր «փառքը»։ Թեև բոլորն էլ հասկանում են, որ ձախողումների գլխավոր մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետև իշխանության մեջ բոլոր կարևոր որոշումները մեկ մարդ է կայացնում և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ու եթե հեռացողներ պիտի լինեն, դա պետք է սկսվի Նիկոլ Փաշինյանից։ Ցանկացած այլ պաշտոնյայի հեռացում բացարձակ խնդիր չի լուծում, լինելու է զուտ շղարշ՝ իշխանության ձախողումների համար մեղավորներ կարգելու ու հասարակության շրջանում նոր սպասումներ ձևավորելու համար։

Ուժային կառույցների մի շարք պատասխանատու պաշտոնյաներին աշխատանքից ազատելն ունի պարզ բացատրություն։ Նույն ներքին գործերի նախարարը վաղուց պիտի հեռացված լիներ այդ պաշտոնից։ Ոչ միայն նրա համար, որ շատ հեռու է այդպիսի պաշտոն զբաղեցնելու կարողություններից, այլև նրա համար, որ երկիրը դարձրել են հանցագործության ու թմրամոլության մի իսկական որջ։ Չկա օր, որ Երևանում կամ հանրապետության այլ վայրերում կրակոցներ, դանակահարություններ, «ռազբորկաներ», մարդասպանություններ չլինեն։

Կարդացեք նաև

Երկիրը վերածել են ոստիկանապետության, բայց հանցագործությունները դրանից չեն պակասում։

Երբեք Հայաստանում հանցագործության մակարդակն այսքան բարձր չի եղել։

Թմրամոլության տարածման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Համատարած են թմրամոլության դեպքերը։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ պետական համակարգում, պաշտոնյաների, անգամ ոստիկանության մեջ էլ քիչ չեն թմրամոլներն ու թրմամոլություն խրախուսողները։

Բայց այս ամենի մասին ոչ առաջին, և ոչ էլ երկրորդ օրն է, որ Նիկոլ Փաշինյանն իմացել է։ Վաղուց գիտեր, բայց թողնում էր, որ իր դասընկերը լիաթոք վայելի ներքին գործերի նախարարի պաշտոնը՝  հավատարիմ ծառայելով ընդդիմախոսներին դաժանորեն պատժելու, ահաբեկելու ու նրանց վրա քրեական գործեր կարելու «սրբազան» գործին։

Ուժային մյուս կառույցների ղեկավարներին փոխելու ուղերձն էլ այն է, որ այս մարդիկ են մեղավոր նախկիների «թալանը» չվերադարձնելու համար։ Տարիներ շարունակ սպասումներ են ձևավորել, որ նախկինները թալանել են երկիրը, իրենք գալու են ու այդ թալանը վերադարձնեն ժողովրդին։

Ավելի քան վեց ու կես տարի է՝ իշխանության են, և ժողովուրդն այդպես էլ չտեսավ թալանի վերադարձ։ Բնականաբար, չէր էլ տեսնելու, որովհետև եթե նույնիսկ նման բան եղել է, ոչ այնպիսի չափերով, ինչպիսին տարիներ շարունակ հրամցրել են ժողովրդին ու ատելություն ձևավորել նախկինների նկատմամբ։

Վեց ու կես տարում այդպես էլ չկարողացան բացահայտել նախկինների «թալանը», եթե նույնիսկ համարենք, որ նման բան եղել է։ Շատերը հավատեցել են սրան ու ընտրել այս իշխանությանը՝ հուսալով, որ վերադարձնելու են «թալանը»։ Հիմա եկել է իրենց ասածների համար պատասխան տալու, խաբված ժողովրդի կողմից պատասխան պահանջելու ժամանակը։ Ընտրություններից առաջ փորձում են մեղքն ուժային կառույցների ղեկավարների վրա դնել։

«Հասարակությունը որոշ ժամանակ անց սկսել է հարցեր ուղղել կառավարությանը՝ ակնկալելով արդարություն։ Իրավապահ համակարգին հրավիրում ենք, ասում ենք՝ բա ի՞նչ եղավ, ասում են՝ դե գիտեք այս չունենք, այն չունենք։ Մենք ասում ենք՝ շատ լավ։ Հիմա, եթե վեց բան թվարկել են, որ չունեն, դրանցից առնվազն չորսը մենք տվել ենք դատաիրավական համակարգին։ Հիմա մեզ պետք են արդյունքներ։

Չնայած նրան, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա, մենք դատաիրավական, իրավապահ համակարգի աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքեր-սարքավորումներ ենք ձեռք բերել, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել՝ բայց էլի լսում ենք բացատրություններ»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ վեց ու կես տարի է՝ երկիրն ինքն է ղեկավարում ու եթե ձախողել են, պատասխանատուն առաջին հերթին ինքն է։ Եթե երկրում իսկապես քաղաքական իշխանություն լիներ՝ Ազգային ժողովի մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, պիտի կանչեր կառավարության ղեկավարին ու պատասխան պահանջեր այս ձախողումների համար։ Բայց քանի որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը խամաճիկներ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին ու նույնքան հնազանդ ենթարկվում, կատարում են նրա հրահանգները, որքան կառավարության անդամներն ու մյուս կառույցների ղեկավարները, ոչինչ էլ պետք չէ սպասել։

Տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ հարվածի տակ է հայտնվել նաև Նիկոլ Փաշինյանի հավատարիմ նախարարներից մեկը՝ Գնել Սանոսյանը։ Նրա անվան հետ են կապված պետական ամենայուղոտ գնումները՝ ասֆալտապատումից սկսած, վերջացրած շինարարական մյուս խոշոր ծրագրերով։

Մինչև վերջերս թվում էր, թե Գնել Սանոսյանի դիրքերը կառավարությունում բավական ամուր են, նրան պաշտոնակության վտանգ չի սպառնում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա հետ կապված՝ Երևանի մերձակայքում մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ անհատական բնակելի տուն կառուցելու պատմությունը, նա շարունակեց մնալ կոռուպցիային անհաշտ պայքար հայտարարած կառավարության կազմում։

Դրանից հետո Գնել Սանոսյանի անակնկալ հեռացումը կամ հեռացման հետ կապված լուրերը գուցե տարօրինակ թվան։ Բայց դրա համար պատճառները շատ են։ Իսկ որ առավել հավանական է, ընտրություններից առաջ, ըստ էության, նրա վրա են պատրաստվում դնել 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի ձախողման պատասխանատվությունը։ Ժամկետները մոտենում են ավարտին, իսկ մինչև այժմ ընդամենը մի քանի տասնյակ դպրոց ու մանկապարտեզ են հասցրել կառուցել։

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահին, որն այս շարքի հաջորդ պաշտոնյան է, ապա նրա վրա էլ կբարդեն բյուջեի եկամուտները թերակատարելու մեղավորությունը։

Իսկ կառավարության ղեկավարը, ով այս ամենի պատասխանատուն է, ձախողումների թիվ մեկ մեղավորը՝ կփորձի հերթական անգամ «մաքուր» դուրս գալ։ Թոզ փչել հասարակության աչքին և ընտրություններից առաջ փրկել իր քաղաքական դեմքն ու «պլինտուսից» ներքև իջած վարկանիշը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս