ԱՆ-ի կողմից բժշկական ծառայությունների դիմաց վճարումները կատարվել են գներով, որոնք չեն ձևավորվել միջին շուկայական գների ուսումնասիրությամբ․ ՀՊ

Հաշվեքննիչ պալատն արդեն հանրայնացրել է պետական տարբեր գերատեսչություններում բյուջեի 6 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները։ 168am-ի հերթական հրապարակումը Առողջապահության նախարարությունում հաշվեքննության ուշագրավ դրվագների մասին է։

Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն է, կատարման ժամկետը՝ օգոստոսի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։

Հաշվեքննության ընթացիկ եզրակացության ամփոփագրում հաշվեքննողն արձանագրում է, որ նախարարությունում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները շարունակել են ձեռք բերվել գներով, որոնց ձևավորման համար չեն պահպանվել սահմանված իրավական պահանջները «Նախարարության կողմից բժշկական ծառայությունների դիմաց վճարումները կատարվել են գներով, որոնք չեն ձևավորվել բժշկատնտեսագիտական ուղեցույցներով, միջին շուկայական գների ուսումնասիրությամբ, ակտուարական հաշվարկներով և/կամ սահմանված որևէ այլ եղանակով հիմնավորող մեթոդաբանությամբ»։

Մեկ այլ դրվագով էլ նշվում է՝ ԱՆ-ն պաշտոնական կայքէջում սահմանված կարգով և ժամկետում չի հրապարակել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առևտրային կազմակերպությունների 2023 թվականի տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվությունները, ըստ հաշվեքննողի՝ դրանով իսկ չապահովելով տվյալ բնագավառում օրենսդրությամբ սահմանված նպատակի՝ ֆինանսական հաշվետվողականության բարելավման իրագործումը։

Կարդացեք նաև

Ասվում է նաև, որ թեև առանձին միջոցառումների համար հրապարակային օֆերտայի եղանակով կնքված պետական պատվերի պայմանագրերի շրջանակում նախարարությանը մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքները որոշ դեպքերում գերազանցել են պետական բյուջեի 2024 թվականի 1‑ին կիսամյակում ենթամիջոցառման համար նախատեսված ընդհանուր գումարները, այդուհանդերձ, հրապարակային օֆերտայով կնքված պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպությունները չեն ծանուցվել իրենց կողմից ծառայությունների մատուցումը դադարեցնելու և ծառայության կարիքը հերթագրելու նպատակով։

Ամփոփագրում տեղ գտած որոշ արձանագրումների մասին՝ առավել մանրամասն։ Օրինակ, արձագանքելով հաշվեքննությամբ պարզված հանգամանքին, որ նախարարության պաշտոնական կայքէջում 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ հիմնականում հրապարակված են 2022 թվականին վերաբերող բժշկական կազմակերպությունների հաշվետվությունները, նախարարությունը տեղեկացրել է

« …ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի 1058-Ն որոշման կատարման մասով իրականացվում են ԱՐՄԵԴ համակարգի հետ համադրման աշխատանքներ, որի արդյունքում հնարավոր կլինի հաշվետվություններ գեներացնել մեկ փաստաթղթում: Միաժամանակ հայտնում եմ, որ նախատեսվում է փոփոխել 1058-Ն որոշումը, այլ կարգավորումներ սահմանելու նպատակով»:

ՀՊ-ն սա ընդունել է ի գիտություն։

«Հաշվեքննության հիմնական արդյունքները» ենթաբաժնում էլ ՀՊ-ն նշում է, որ 2024 թվականի 1-ին կիսամյակում հաշվեքննության համար էական նշանակություն ունեցող հարցերի՝ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների՝ ընդհանուր 52 միլիարդ 249 918.38 դրամ փաստացի ծախսերի մասով անալիտիկ տվյալների՝ ըստ շահառուների, կազմակերպությունների, ծառայությունների ծածկույթի (և ծառայության անվանման/տեսակի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի չէ՝ բժշկական գաղտնիք հանդիսանալու պատճառաբանությամբ:

Ըստ այդմ, սահմանափակվել է ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի շրջանակում պետական բյուջեից կատարված վճարումների օրինականության՝ հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ կարծիքի ձևավորման հնարավորությունը:

«Մասնավորապես, հնարավոր չի եղել գնահատել, թե արդյո՞ք առկա են համընկնումներ պետական բյուջեից միևնույն ծառայության դիմաց, նույն շահառուին, նույն ժամանակահատվածում՝ վճարովի հիմունքներով մատուցված, ՀՀ-ում չգտնվող անձանց, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց դեպքերում կատարված վճարումների հետ»,- տեղեկացրել է հաշվեքննողը։

Տեսանյութեր

Լրահոս