ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները
Եվրամիությունն առաջին անգամ հավանություն է տվել անդամ երկրների կողմից զենքի, այդ թվում՝ հրթիռների և զինամթերքի համատեղ գնումների ֆինանսավորմանը. դրանց մի մասը հետագայում կուղարկվի Ուկրաինա: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ընտրված հինգ ծրագրերն իրականացվում են «Եվրոպական պաշտպանական արդյունաբերության հզորացում՝ ընդհանուր գնումների հաշվին» (EDIRPA) մեխանիզմի շրջանակներում։ Նախաձեռնություններից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 60 մլն եվրո։ Բրյուսելում հայտնել են, որ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 300 մլն եվրո։
«Առաջին անգամ է, որ մենք ԵՄ բյուջեն օգտագործում ենք պաշտպանական արտադրանքի ընդհանուր գնումներում անդամ երկրներին աջակցելու համար», – հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը:
Խոսքը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, ժամանակակից զրահամեքենաների և զինամթերքի ձեռքբերման մասին է։
Ինչպես պարզաբանել է AFP գործակալությունը, ներգրավվելու են երկրների խմբեր՝ մինչև ինը մասնակցով։ Ընդհանուր առմամբ, նախագծերում ներգրավված է շուրջ 20 անդամ պետություն, որոնցից մի քանիսն առաջին անգամ են մասնակցելու EDIRPA-ին։
«Ընդհանուր գնումները կամրապնդեն ԵՄ անդամ երկրներում պաշտպանական պատրաստվածությունը», – արձանագրել են Բրյուսելում:
Որոշումներն ուղղված են պաշտպանական կարողությունների «կրիտիկական բացերը» վերացնելուն, որոնք խորացել են, մասնավորապես, Ուկրաինա պաշտպանական արտադրանքի տեղափոխման արդյունքում։
Ընտրված նախագծերի մեծ մասը նախատեսվում է Ուկրաինայի համար զենքի, այդ թվում՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և զինամթերքի գնման համար։EDIRPA-ի նախագծերի ընտրությունը կատարվել է մարտին Եվրահանձնաժողովի մրցույթի արդյունքներով։