Տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական թանկ մեքենաներից, տրանսպորտի թանկացումը հետաքրքիր չէ. Մարությանը՝ նախկին թիմակիցների մասին

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն ու իր թիմն այսօր դարձյալ մայրաքաղաքում շարունակում էին տրանսպորտի թանկացման դեմ իրենց ստորագրահավաք-շրջայցը։ Մինչ ստորագրահավաքի մեկնարկը Հայկ Մարությանը լրագրողներին տեղեկացրեց՝ 3 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 6500 ստորագրություն։

168am-ը նախկին քաղաքապետին և թավշյա իշխանության նախկին դերակատարին հիշեցրեց դեռ 2013 թվականին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ իր մասնակցությամբ ակցիաները՝ հետաքրքրվելով․ «2013 թվականին ձեր՝ թավշյա շատ թիմակիցներ ընդդիմանում էին 100 դրամից ավելի վճարելու՝ իշխանությունների գաղափարին, արդյոք խոսե՞լ եք Լուլուի, Ալեն Սիմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են նրանք լռում, երբ 2013 թվականին՝ թանկացման դեմ միասին տեսահոլովակում էիք նկարվում»

Ի պատասխան՝ Հայկ Մարությանը նշեց․ «Պատասխանը պարզ է՝ իրենք իշխանության են․ տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական մեքենաներից, ընդ որում՝ ինձ համար շատ անհասկանալի՝ շատ թանկ մեքենաներից։

ԱԺ նախագահը, քաղաքապետը կարող են մեքենա ունենալ, բայց այդ մեքենաները պետք է շատ պարզ մեքենաներ լինեն, որովհետև մեքենայի գնով և որակով չի որոշվում պաշտոնյայի դիրքը, անելիքը, իր ժողովրդին ծառայությունը»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իրեն, ապա մեր հստակեցմանն ի պատասխան՝ նա վստահեցրեց՝ անգամ պաշտոնավարման ժամանակ միշտ դեմ է արտահայտվել ուղեվարձի թանկացմանը։

«Նախկի՞ն եք, թե՞ ներկա»՝ մեր հաջորդ հարցին ի պատասխանել էլ՝ նշեց․

«Ինձ համար մի կատեգորիա կա՝ կա՛մ մարդ մտածում է պետության մասին, աշխատում է պետության համար, ինչո՞ւ ոչ՝ զոհաբերում է իրեն պետության համար, կա՛մ ինքն աշխատում է իր ու իր շրջապատի ու նեղ կուսակցական շահերի համար»։

168.am-ը նաև ճշգրտեց՝ հետագայում Հայկ Մարությանը բացառո՞ւմ է, կամ հավանակա՞ն է համարում իշխանությունների հետ համագործակցությունը։

«Եթե մենք դրա մասին մտածենք, էլ ինչո՞ւ ենք սկսել այս պայքարը, ինչո՞ւ ենք գնում ընտրությունների»,- արձագանքեց նախկին քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս