Ի՞նչ է նշանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը կարող են ենթադրել տեղափոխվող բեռների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ բացատրելով, թե առհասարակ ինչ է նշանակում «պարզեցված ընթացակարգը»։
«Օրինակ` բազմաթիվ տեղեկություններ կան, որ երկրները կարող են նախապես փոխանակել։ Օրինակ` Վրաստանի Հանրապետության հետ մեր փորձը՝ մենք մեր արտահանման տվյալներն ենք նախապես ուղարկում, իրենք՝ իրենցը, և հեշտանում է գործընթացը ներմուծման փուլում, որովհետև իրենք կամ մենք ունենք որոշակի տեղեկություններ»,- նշեց Բադասյանը։
Ըստ նրա՝ կախված կոնկրետ իրավիճակից` լուծումները կարող են շատ տարբեր լինել: Երկրները կարող են նախապես փոխանակել սկանավորված պատկերներ՝ հետագա ռիսկերը չեզոքացնելու համար: Կան նաև այլ լուծումներ, որոնք հիմնված են ժամանակակից թվային հարթակների վրա։