Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց գալիք տարում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կացության և այլ ծախսերի համար 40+10 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը կգործի մինչև տարեվերջ, որից հետո շահառուների շրջանակն ու աջակցության գումարն աստիճանաբար կկրճատվեն։

Այս մասին «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստատեսության հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Մյուս տարվա համար մենք ունենք նորացված ծրագիր, որի շրջանակներում մենք, ըստ էության, քայլ առ քայլ կնեղացնենք մեր աջակցության թիրախը, ինչպես նաև որոշակի չափով կնվազեցնենք աջակցության չափը, որովհետև ունենք լավ տվյալներ այն մասին, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն ունի զբաղվածություն։ Ունենք շուրջ 25 հազար անձ, որոնք պաշտոնապես զբաղված են տարբեր ոլորտներում, ինչպես նաև՝ ինքնազբաղվածներ։ Սա մեզ թույլ է տալիս սոցիալական ժամանակավոր աջակցության մոդելները դարձնել առավել նվազ, ինչը  ինչ-որ իմաստով հնարավորություն է խթանելու, որպեսզի նրանք արագ ինտեգրվեն Հայաստանի տնտեսական շուկայում և, ընդհանրապես, սոցիալական իրականության մեջ։ Այս հնարավորությունն ունենք նաև այն համատեքստում, որ արդեն գործում է բնակարանային ծրագիրը, այսինքն՝ մարդիկ կարող են դիմել և այլևս բնակվարձի խնդիր չունենալ՝ ձեռք բերելով սեփական բնակարանը»,-պարզաբանեց փոխնախարարը։

Նրա տեղեկատվությամբ՝ գալիք տարվա հունվարից մինչև մարտ ամիսը 50 հազար դրամի չափով աջակցությունից կօգտվեն ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր այն անձինք, ովքեր ներկայում դրա շահառու են։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։

«Ապրիլից սկսած՝ աջակցությունը կտրամադրվի միմիայն խոցելի կամ առանձին խմբերի ներկայացուցիչներին՝ երեխաներին, 63 և ավելի տարիքի, կերակրողին կորցրած անձանց և հաշմանդամության առաջին ու երկրորդ խումբ ունեցողներին։ Սա, ըստ էության, այն մասին է, որ մենք աջակցությունն ապրիլից կշարունակենք միայն ոչ աշխատունակների համար։ Աշխատունակների դեպքում ենթադրվում է, որ նրանք արդեն պետք է ինտեգրված լինեն աշխատաշուկայում։ Միաժամանակ՝ ուզում եմ ընդգծել, որ գրեթե բոլոր ընտանիքներն, ըստ էության, ունեն երեխաներ կամ տարեցներ և շատ քիչ ընտանիքներ կլինեն, որ այս կամ այն չափով աջակցություն չեն ստանա։ Սա հնարավորություն կտա, ինչ-որ ժամանակ աջակցություններն օգտագործելով, ոտքի կանգնել»,-ներկայացրեց Ժամակոչյանը՝ մանրամասնելով, որ գալիք տարվա ապրիլից նշված խմբերն աջակցություն կստանան 40 հազարական դրամի, իսկ հուլիսից սկսած՝  6 ամիս շարունակ, 30 հազար դրամի չափով։

«Այսպես, աջակցության աստիճանական նվազման միջոցով կկարողանանք մարդկանց դուրս բերել այս աջակցություններից կախված լինելուց և ներգրավել սովորական կյանքին»,-համոզմունք հայտնեց ԱՍՀ փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս