Հայաստան է ժամանել Քերոլայն Քոքսը՝ «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոն»-ի վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել ԼՂ-ից Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոն»-ի վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող համապարփակ քայլերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության կարիքները հասցեագրելուն:Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները և անդրադարձ կատարել հայ-բրիտանական օրակարգային հարցերին:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանային, Հայաստան-ԵՄ գործընկերության օրակագի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: