Լարիսա Ալավերդյան. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք չէ փրկիչ համարել

«Ժառանգության» խմբակցության նախկին պատգամավոր  Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտն ընտրություններից հետո ևս Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ չհամախմբվեց, պարզապես մի պահ հայտնվեցին նախագահի նախկին թեկնածուի կողքին, որպեսզի հանկարծ նրանց բացակայությունն ընդդիմադիր դաշտում չնկատվի:

«Նրանք պարզապես առաջին պահին հայտնվեցին, երբ մտածեցին, որ հանկարծ ետ չընկնեն,  հանկարծ չստացվի այնպես, որ իրենք ընդդիմադիր դաշտում չեն, ժողովորդի կողքին չեն, բայց դա շատ արագ անցավ: Այնպես որ, ընդդիմադիր կայացած կուսացությունները չեն ցուցաբերել որևէ մի պահի հստակ միավորվելու միտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը՝ այդպես էլ որևէ կուսակցության անուն չհիշատակելով:

168.am-ի այն հարցին, թե արդյոք մոսկովյան այցից և ապրիլի 9-ի գործողություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ կա՞ հիասթափություն, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ նման միտում նկատելի է, սակայն խնդիրն այստեղ այն է, որ պետք չէ որևէ մեկին փրկիչ համարել և ամեն ինչ կապել այդ գործչի գործողությունների հետ, հակառակը՝ պետք է բոլորն իրավիճակի համար պատասխանատվություն վերցնեն:

«Դարձյալ ասում են՝ Րաֆֆին այսպես արեց, այնպես արեց, այսինքն՝ էլի մենք ընկնում ենք հին ջրերը, այնինչ՝ պետք է լիներ՝ մենք ին՞չ արեցինք, մենք ինչո՞ւ այդպես արեցինք: Այդ դեպքում և թերացումները, և սխալները կիսվում են: Հակառակ դեպքում՝ գալիս է հիասթափություն, այսինքն՝ փրկչի դերակատարման մեջ որևէ մեկին տեսնելու դեպքում, անշուշտ, հիասթափությունը վրա է  հասնելու»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նաև հավելեց, թե Հայաստանում սովորաբար ավելի շատ հակված են մեղավորին փնտրել, ոչ թե հարցը լուծել:

Տեսանյութեր

Լրահոս