Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Արարատ Միրզոյան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն զբաղվում է Արցախյան հակամարտության կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։
«Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ այն թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ»,- ասաց Միրզոյանը։
Խոսելով Արցախյան հակամարտության հարցի մասին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտություն երբ ասում եք, մենք հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է և թղթով, քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, ավարտված չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այն, ինչով մենք զբաղվում ենք այս պահին, ունի հետևյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։