Բաժիններ՝

Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից 94 զոհի մասին

Պաղեստինի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա բնակավայրի վրա իսրայելական հարվածների հետևանքով 94 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավոր են։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։Նշվում է, որ ռմբակոծվել է 5-հարկանի բազմաբնակարան շենք, որտեղ ապաստանել էր անկլավի այլ շրջաններից տեղահանված 150 անձ։ 

Ըստ առողջապահական իշխանությունների՝տասնյակ մարդիկ դեռ փլատակներում են, մինչդեռ քաղաքացիական պաշտպանության ջոկատները և շտապօգնության բրիգադները չեն կարողանում հասնել այնտեղ՝ ճանապարհներին կուտակված փլվածքների պատճառով։

Գազայի հատվածի հյուսիսը, մասնավորապես՝ Ջաբալիան և Բեյթ Լահիան, արդեն 25 օր է՝ պաշարման մեջ են գտնվում։ Ըստ WAFA գործակալության՝ այս ընթացքում արգելափակվել է սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը տվյալ հատված։ Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ գերեվարվել։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 43 000-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս