Ա.Բախշյան. «Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության հետ մի սիամական երկվորյակ են

«Այս քարոզարշավի ժամանակ տարբեր քաղաքական ուժեր, որոնք չգիտես` ո՞ւր էին նախագահական ընտրություններին, տարբեր պատճառներով չմասնակցեցին, «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, ՀԱԿ, այսօր բոլորը, զինված, որպես ընդդիմություն, ուզում են գրավել մեր հասարակության ուշադրությունը»,- այսօր Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ում կարծիքով` «Բարև, Հայաստան» շարժումը հասել է շատ կարևոր փուլի, որտեղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը որոշել է ամենայն լրջությամբ հայտ ներկայացնել և Երևանը դարձնել օրինակելի կառավարման համակարգ ունեցող մի մարմին: Ա.Բախշյանը նշեց, որ այդ համակարգի փոփոխությունը «Ժառանգությունը» սկսելու է Երևանից:

«Ես խնդրում եմ ուշադիր լինել, չմոռանալ, թե ովքեր են հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Հանրապետական կուսակցության հետ մի սիամական երկվորյակ են, ոչ մի տարբերություն: Եվ մեր երկրի այս մենաշնորհային իրավիճակը ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն են միասին ստեղծել»,- շարունակեց ԱԺ նախկին պատգամավոր Ա.Բախշյանը:

«Ուզում եմ, որ մեր ժողովուրդը, երևանցիները կողմնորոշվեն և ընտրեն այն քաղաքական ուժին, որն իսկապես մեր ժողովրդի կողքին է եղել, իսկապես նախագահական ընտրություններում ասել է, որ իր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, և մնացած բոլորը ուժերը, այսպես, չեն ասում է` ով է, բայց նաև չեն հրաժարվում գործող նախագահից: Էդ երկակի խաղն ակնհայտ է, ցուցադրական է: Դա, ինչպես ասում են, երեխային էլ է հայտնի»,- շեշտեց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` լրագրողների հետ հանդիպմանը, այլ ընդդիմադիր ուժերին անուղղակի ձևով անդրադարձավ նաև «Բարև, Երևան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ով մյուս ընդդիմադիր կուսակցություններին կոչեց «պսևդո-ընդդիմադիր ուժեր»` նշելով, որ նրանք չեն կարող իրենց համար մրցակից լինել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս