Արմեն Մարտիրոսյան. Պսևդո-ընդդիմադիր ուժերի առկայությունը մեզ բացարձակապես չի մտահոգում
Այսօր Շենգավիթ համայնքում մեկնարկեց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության և մի քանի այլ քաղաքական ուժերի միասնությամբ ստեղծված «Բարև, Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավը:
Դաշինքի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջիկա ընտրություններում ընդդիմադիր ուժերի ավելի լայն ներկայացվածությունը բացարձակապես չի խանգարելու «Ժառանգության» հաջողությանը:
«Քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած պարագայում յուրաքանչյուր ընտրությունում որքան քաղաքացիները վստահություն են տալիս տվյալ քաղաքական ուժին, գործչին, դա հենց այդ քաղաքական ուժի ձայներն են, և ոչ թե մեկ այլ քաղաքական ուժինը: Հակառակ պարագայում` մենք պետք է վերադառնայինք 90-ականներ և մտածեինք, թե քաղաքացիներն ո՞ւմ են վստահում, Վազգեն Մանուկյանի՞ն, թե՞ այլ քաղաքական ուժի»,- նշեց Արմ. Մարտիրոսյանը:
«Ինչ վերաբերում է այլ ընդդիմադիր ուժերի կամ պսևդո-ընդդիմադիր ուժերի առկայությանը, ապա պետք է ասեմ` մեզ դա բացարձակապես չի մտահոգում: Մենք ողջոնում ենք ցանկացած ընդդիմադիր ուժի մասնակցությունը, պայքարը, որովհետև ցանկացած պարագայում իրենք մեզ համար մրցակից չեն: Մեր մրցակիցը եղել և մնում է իշխանությունը, ուստիև պայքարելու ենք, որպեսզի հաղթանակ ապահովենք` ի հաշիվ իշխանության, և ով ընդդիմադիր հատվածում փորձում է ընդդիմության լիդերի պայքար տանել, դա իր խնդիրն է»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` այժմ այլ քաղաքական իրավիճակ է, և Երևանի բնակիչները, և ընդհանրապես ՀՀ քաղաքացիները հասկացել են, թե որ քաղաքական ուժն իրականում ինչ նպատակ է հետապնդում:
Նշենք, որ նշված վայրից Արմեն Մարտիրոսյանը և իր կողմնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ հանդիպում Շենգավիթ համայնքի բնակիչների հետ:
Մանրամասները` ավելի ուշ: