Բաժիններ՝

Մասկը Թրամփին սատարելու համար նվիրաբերել է ևս 44 միլիոն դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ևս 44 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

America PAC-ը, որի հիմնադիրը հենց Իլոն Մասկն է, կենտրոնացած է ընտրողներին գրավելու վրա այն նահանգներում, որտեղ ընտրությունների ելքը դեռ հստակ չէ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 74,95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմին հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։Այդ երեք ամիսների ընթացքում ծախսվել էր նվիրաբերված գումարի մեծ մասը՝ 72 միլիոն դոլարը։ Իսկ ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողով ներկայացված նոր հաշվետվության համաձայն՝ հոկտեմբերի առաջին կեսին ծախսվել է ավելի քան 47 միլիոն դոլար։

Մեկ այլ հաշվետվության համաձայն՝ Թրամփի քարոզարշավի թիմն այս ամսվա առաջին կեսին ավելի քան 88 միլիոն դոլար է ծախսել գովազդի վրա. նրանց բանկային հաշվին մնացել է 36 միլիոն դոլար՝ նախընտրական արշավի վերջին հատվածի համար։Դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի քարոզարշավի թիմը վերջին ամիսներին ավելի մեծ գումար է հավաքագրել և ծախսել։

Հոկտեմբերի սկզբին Հարիսի թիմը գովազդի վրա ծախսել է ավելի քան 130 միլիոն դոլար, մինչև ամսվա կեսը հավաքագրել է 97 միլիոն դոլար, իսկ հոկտեմբերի 16-ի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 119 միլիոն դոլար՝ ըստ նրանց ներկայացրած հաշվետվության։  Որպես Դոնալդ Թրամփի հանդեպ աջակցությունն ավելացնելու միջոց՝ Իլոն Մասկի America PAC-ը նաև օրական 1 միլիոն դոլար է տալիս իր առցանց խնդրագիրը ստորագրողներից մեկին, որն ընտրվում է պատահականության սկզբունքով։ Այս հնարավորությունից կարող են օգտվել միայն այն նահանգներում գրանցված ընտրողները, որտեղ ընտրությունների ելքը հստակ չէ։

Ըստ CNN-ի՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունն America PAC-ին նամակ է ուղարկել՝ նախազգուշացնելով, որ նման գումարի տրամադրումը, հնարավոր է, դաշնային օրենքի խախտում է։ Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսաող Իլոն Մասկը նախկինում քվեարկել է նախագահի դեմոկրատական թեկնածուների օգտին, սակայն այս ընտրությունների ընթացքում նրա հայացքները կտրուկ փոխվել են:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս