Եվրամիությունում մերժել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը պատժամիջոցների վերաբերյալ
Բրյուսելում ի գիտություն են ընդունել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը, սակայն մերժել են ԵՄ-ի կողմից ընդունված պատժամիջոցների առնչությամբ պահանջները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոյին:
«Մենք՝ որպես Եվրոպական միություն, չենք կարծում, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Կազանի հռչակագրի՝ պատժամիջոցներին վերաբերող ձևակերպման հասցեատերն ենք։ ԵՄ պատժամիջոցներն օրինական որոշումներ են, որոնք պարտադիր են ԵՄ քաղաքացիների և կազմակերպությունների համար՝ հիմնված Եվրոպական միության իրավունքի վրա», – Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետեր Ստանոն։
Նա նշել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ԲՐԻԿՍ-ի մեջ մտնող մի քանի երկրների դեմ՝ «համոզիչ, օրենքով հիմնավորված պատճառների» հիման վրա:
«Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդհանուր արդյունքին, մենք ի գիտություն ենք ընդունել Կազանի հռչակագիրը», – ասել է Ստանոն։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագրում կոչ է արվում վերացնել միակողմանի տնտեսական պատժամիջոցները և երկրորդական պատժամիջոցները՝ որպես միջազգային իրավունքին հակասող: