Մարդիկ գնում են ոչ թե ականջօղի ու այլ մանրուքների պատճառով, այլ՝ որովհետև անվտանգային ռիսկերն ավելանում են, չեն տեսնում իրենց կայուն ապրելակերպը․ տնտեսագետ
Դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ժողովրդին խոստանում էին, որ անհատը կլինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, իսկ պետությունը՝ հզոր։ 1 տարի անց անպատասխանատու պոպուլիզմի հետևանքով արդեն ուռճացվեց խոստումների այս փաթեթը, ու հեղափոխական առաջնորդն արդեն սկսեց խոսել 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը 5 միլիոն դարձնելու մասին, ավելին՝ անգամ ներկայացրեց «հեղափոխական վիճակագրություն», ըստ որի՝ աճել էին ամուսնությունների ու ծնելիության թվերը։
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են, և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումներն ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:
Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- 2019 թվականին Ֆեյսբուքում ավետել էր նա։
6 տարի անց Նիկոլ Փաշինյանն արդեն այլ շեշտերով է խոսում դեմոգրաֆիկ պատկերի, առկա սրացող խնդիրների մասին․ նախօրեին, երբ կառավարությունը քննարկում էր ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը, Փաշինյանը երկարատև դիտարկումներ էր անում խնդիրների իրական համատեքստերի մասին, թվարկում արտագաղթի պատճառները։
«Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ մարդը Հայաստանում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չէ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցականի տակ դնելով սեփական՝ «ապագա կա, ապագա թեզը», ապա այս համատեքստում խոսելով արտագաղթի պատճառների մասին՝ հավելեց,- Ինչպե՞ս և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ո՞նց անել, որ իր տղան չգնա բանակ։ ․․․Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկն արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով… Էս թեմաների հետ որ չառնչվենք, արտագաղթ երևույթը մենք չենք հասկանա»:
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կողմից հաստատված ռազմավարությանն ու Նիկոլ Փաշինյանի առաջ բերած թեզերի օբյեկտիվությանը՝ նկատեց, որ ժողովրդագրության հիմնական ցուցնիշներն այս իշխանության օրոք՝ նախորդ 6 տարիներին, ոչ միայն կտրուկ վատթարացել են, այլև դրանց համար երկարաժամկետ ու էական ռիսկեր են ձևավորվել, և այդ ռիսկերն ապագայում ապախթանելու են ժողովրդագրական զարգացումները։
«Առաջինը ծնելիության ցուցանիշն է, որն ակնհայտ նվազել է այս տարիներին, փոխարենը՝ աճել է մահացության ցուցանիշը․ նույնիսկ չլինելով մասնագետ՝ տեսանելի է, որ մահացության ցուցանիշի աճը վերաբերելի է այս իշխանությանը․ պատկերավոր կերպով այս իշխանությունը կարելի է բնութագրել՝ որպես մահաբեր։
Սրանք մահեր բերեցին համավարակի շրջանում, երբ մատների արանքով էին նայում հարցին, հաջորդը պատերազմն էր, և դրա հետևանքով ունեցած մարդկային մեր հազարավոր կորուստները։
Այս իշխանության օրոք նաև կտրուկ բարձրացել է ծանր հանցագորությունների թիվը, ինչպես նաև՝ հանրային կյանքի այլ ռիսկեր՝ սկսած ավտովթարներից, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել մահացության ցուցանիշի վրա։
Հաջորդ ցուցանիշը միգրացիան է՝ բնակչության՝ արտագաղթի և ներգաղթի հաշվեմնացորդը․ մենք այստեղ էլ ունենք կտրուկ վատթարացում, ու այդ արտագաղթի համար կան էական գործոններ․ այսինքն, երբ անվտանգային ռիսկերն ավելանում են, մարդիկ գնում են ոչ թե ականջօղի ու այլ մանրուքների պատճառով, այլ՝ որովհետև մեր երկրում չեն տեսնում իրենց ու իրենց ընտանիքների կայուն ապրելակերպը։ Նաև պատերազմից հետո բազմաթիվ քաղաքացիներ են արտագաղթում, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում չգտնելով իրենց կացարանն ու կեցությունը։ Արտագաղթում են ընտանիքներ, որտեղ կան դեռահասներ՝ հատկապես արական սեռի։ Ինչու է այդպես՝ պատասխանն ակնհայտ է»,- մանրամասնեց Թադևոս Ավետիսյանը։
Դիտարկմանը, թե վերջինի մասին նշել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, թերևս, նաև այս ռազմավարության վերահաստատումով՝ ցույց տալով, որ ուզում է իրավիճակ փոխել, տնտեսագետն արձագանքեց՝ անցյալի մի քանի դրվագներ հիշեցնելով։
«Ասում էր՝ եկել եմ՝ բերեմ երջանկություն, խաղաղություն, աղքատությունը վերացնեմ… շատ լավ ձևակերպված բարձրագոչ կենացներ են։ Ի՞նչ ունենք․ բերեց մահեր, մեր սուվերենության էական նվազում, խաղաղության փոխարեն՝ պատերազմ, զոհեր, և այսօր նաև՝ ինչքան խոսում են խաղաղության մասին, այնքան ավելի ակնառու և իրական է դառնում պատերազմի ռիսկը»,- ասաց նա։
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ այս ռազմավարությունն անգամ հաստատման դեպքում՝ «փուչիկ է»։ Պատգամավորը հիշեցրեց բազմաթիվ ընդունված փաստաթղթեր, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա։
«Ակնհայտ է, որ ժողովրդագրական ճգնաժամի շեմին ենք․ իրենք առնվազն այդ մասին փորձում են հանրության մեջ ինչ-որ սպասումներ առաջացնել, թե՝ տեսեք, շատ վատ է, բայց մենք ամեն ինչ կանենք, որ լավ լինի։ Հերթական փուչիկն է,- պարզաբանեց մասնագետը՝ դիտարկմամբ, որ ժողովրդագրական վիճակը բարելավելուն միտված բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ իր կողմից, իշխանությունները մերժել են,- Եթե ուզում էին լուծել ժողովրդագրական խնդիրներ, օրինակ, սահմանադրական պահանջ էր, որ 2018 թվականին պետք է ունենայինք բազմազավակ ընտանիքների աջակցության մասին ամբողջական օրենք․ մեծ փաթեթ եմ ներկայացրել՝ որպես ԱԺ պատգամավոր, իրենք մերժեցին այն»։
Կառավարությունն ընդունել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Ռազմավարությամբ սահմանվում են առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացման գերակայությունները, դրանց հասնելու ճանապարհը․ նշվում է՝ այն բխում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ․ գործընթացում ներգրավված են եղել համաշխարհային և առաջատար փորձագետներ, այդ թվում՝ Վիտգենշտայնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնից և Պրահայի Չարլզի համալսարանից: