Բաժիններ՝

Ռուսաստանում առաջին անվարորդ տրամվայն ավելի քան 1800 կմ երթևեկել է Մոսկվայի փողոցներով

Ռուսաստանում առաջին անվարորդ տրամվայն արդեն ավելի քան 1800 կմ երթևեկել է մայրաքաղաք Մոսկվայի փողոցներով՝ չխախտելով երթևեկության որևէ կանոն: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տրանսպորտի հարցերով տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։

«Շահագործման ողջ ժամանակաշրջանում անվարորդ տրամվայն արդեն ավելի քան 1800 կմ է անցել, ճանապարհային երթևեկության կանոնների ոչ մի խախտում չի եղել», – Լիկսուտովն ասել է Առաջին ալիքի եթերում:

Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ մինչև 2030 թվականը կա ծրագիր, որի համաձայն Մոսկվայում տրամվայի բոլոր երթուղիների կեսից ավելին կդառնան անվարորդ։

«Մենք մտածում ենք, որ 5-10 տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում հարկավոր կլինի կարգավորել քաղաքային տրանսպորտի բոլոր համակարգերը` առաջին հերթին անվարորդ ռեժիմով աշխատելու համար», – նշել է Լիկսուտովը։

Օգոստոսի 30-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Մոսկվայում հաջողությամբ ավարտվել է Ռուսաստանում առաջին անվարորդ տրամվայի փորձարկումների առաջին փուլը, սկսվում է երկրորդ փուլը, որի շրջանակներում տրամվայը կերթևեկի ուղևորներով։ Այժմ անվարորդ տրամվայը երթուղով ընթանում է ինչպես ուղևորներով, այնպես էլ առանց նրանց։ Անվտանգության նկատառումներով՝ վարորդը գտնվում է խցիկում։

«Մենք պլանավորում ենք եզրափակիչ երրորդ փուլն սկսել մինչև հաջորդ տարվա վերջը», – պարզաբանել է Մոսկվայի քաղաքապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս