Րաֆֆի Հովհաննիսյանը նպատակադրված չէր մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու

168.am-ի հետ հարցին, թե ինչո՞ւ այդպես էլ մանրամասն տեղեկություններ չհայտնվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի, հանդիպումների մասին, և ի վերջո ինչի՞ համար էր նա մեկնել ՌԴ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Զուտ պրոտոկոլի առումով կարող են լինել այցեր, որոնց մանրամասները նույն պահին չներկայացվեն հանրությանը: Սա ոչ թե ոչ ժողովրդավարական մոտեցում է, այլ պարզապես կարող է խանգարել սկսված գործընթացներին կամ հարցերի շուրջ պայմանավորվածությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կներկակայացնի մանրամասները, երբ լինի դրա անհրաժեշտությունը կամ երբ ինքը հարմար կգտնի»:
Ռուբեն Հակոբյանը հստակեցրեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեկնել Մոսկվա՝ նպատակադրված հանդիպելու նախագահ Վ. Պուտինի հետ: Նա հավաստմամբ՝ վերջին հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհանրական է խոսել այդ մասին, տվել է նաև Օբամայի անունը: «Հայաստաննն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդը պետք է իր ճակատագիրը որոշի: Եթե ուզում եք, որ ժողովուրդը ձեզ գնահատի, պետք է ժողովրդի կողքին լինեք, և ոչ իշխանությունների: Ի դեպ, սա մեր մշտական, ավանդական ցավն է, որ նույնիսկ մեր ռազմավարական դաշնակիցը, իմանալով, որ իր դաշնակիցը ժողովուրդն է, միշտ ընտրում է իշխանությանը, որը միշտ դեմ է գնացել ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանը նույն շրջանակի մեջ նշել է Օբամայի, Պուտինի, Օլանդի անունը և այլն»:
Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չի նշանակել, որ նա գնում է Պուտինից կամ Օբամայից հաղթանակ բերելու: Նրա խոսքով՝ Հովհաննիսյանը հաղթանակ բերել ասելով նկատի չի ունեցել, որ նրանք միջամտում են Հայաստանի գործերին:
168.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը նախընտրեց չպատասխանել նաև այն հարցին, թե արդյոք Հովհաննիսյանը ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ հանդիպել է՞, թե՞ ոչ: «Ես կարող եմ շատ բաներից տեղյակ լինել, բայց դիվանագիտական արարողակարգով, կան հարցեր, որ ոչ թե ժողովրդավարությանն են հակասում, այլ օգուտ չեն տալիս»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե հիմա ի՞նչն է խանգարում, որ մանրամասները չեն հայտնվում, պատգամավորը պատասխանեց. «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը անհրաժեշտ համարի, որ իսկապես դրա մասին կարելի է խոսել, կխոսի: Ինքը կանդրադառնա այդ հարցին: Օրը կգա, բարին հետը»:

Տեսանյութեր

Լրահոս