ՍԴ-ն սպասեց մինչև իրենց ուզած կազմը համալրվի, նոր որոշում կայացրեց. Լևոն Քոչարյան

«Գործը մակագրվել է մի դատավորի, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու, այստեղ նման մարդուց արդարադատություն ակնկալել՝ անմտություն է»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ռոբերտ Քոչարյանին կրկին կկալանավորեն՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ իրավական առումով՝ թվում է՝ նման հնարավորություն չեն կարող ունենալ։

«Վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք, որ էս իրավական ամենաթողության շրջանում ինչ ուզեն, կարող են անել»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչու են դարձյալ «Մարտի 1-ի» քրգործը վերաբացել, երբ վաղեմության ժամկետն արդեն անցել է՝ Լևոն Քոչարյանն արձագանքեց.

«Հայրս մեկուկես տարի նստել է մի հոդվածով, որը, փաստորեն, հակասահմանադրական էր, այնպես որ, իրենք պարտավոր էին ներողություն խնդրել։ Իրենք ամեն գնով այսքան ապօրինությունների գնում են, որ ներողություն չխնդրեն, բացի այդ էլ, որ ավելորդ քաշքշուկ ստեղծեն թե՛ մեզ համար, թե՛ նորից խոսելու առիթ ստեղծելու համար։ Փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարներ էին հենց իրենք, ակտիվ պահել. շոուի մի մաս է»։

Տեսանյութեր

Լրահոս