«Զինվոր է, ցավա պիտի: Վերջ: Մահացավ էլ, ջանդմիս չի մահանա: Զինվորն ո՞վ է, որ»

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ջրծաղկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց գործով մեղադրյալ Միքայել Միքայելյանը: Վերջինս ՀՀ ՊՆ 14203 զորամասի նախկին հրամանատարն է, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, վարակի չտարածման համար չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Դատարանում նա հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա պատմեց, որ 2011-ի դեկտեմբերի 28-ի առավոտյան իր աշխատասենյակ է ներկայացել Զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը (նա ևս գործով մեղադրյալ է) և իրեն տեղեկացրել է, որ բաժանմունքում ջրծաղկով 2 հիվանդ կա, և պատրաստվում են նրանց տեղափոխել  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց.

«Ուղեգիրը և էպիկրիզը ստորագրվեց իմ կողմից, կնքվեց, բայց պարոն Մկրտչյանն ինձ տեղեկացրեց, որ հիվանդն ունի նաև որովայնի ցավեր, որի կապակցությամբ հրավիրված է վիրաբույժ, պետք է նայվի նաև վիրաբույժի կողմից»: Մեղադրյալի խոսքով՝ դրանից հետո որոշվել է առանձնացնել հիվանդին, և դինամիկ հսկողություն է սահմանվել:

Հաջորդ օրը նա տեղեկացել է, որ Հայկ Խաչատրյանը ցնցումային նոպա է ունեցել: Մինաս Մկրտչյանը նրան հայտնել է, որ վիրաբույժները շարունակում են զննել նրան, կատարվում են որոշակի հետազոտություններ:

«Ժամը 10:30-11:00-ի սահմաններում ինձ զեկուցեցին, որ կազմակերպվում է հիվանդի տեղափոխությունը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասաց մեղադրյալը: Նրա խոսքով՝ Հայկ Խաչատրյանի տեղափոխությունից հետո ինքը կապի մեջ է եղել բժիշկների հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին: Դեկտեմբերի 30-ին նա տեղեկացել է, որ Հայկ Խաչատրյանը մահացել է:

Դատական նիստի ավարտից հետո տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ասաց, որ գործում մի քանի խնդիրներ կան.

«Առաջինը՝ քրեական գործից հայտնի է, որ Հայկ Խաչատրյանն այն զորամասում, որտեղ ինքը ծառայել է, օրենքով և զինվորական կանոնադրություններով սահմանված կարգի խախտմամբ նշանակվել է պահակային ծառայության, որը անընդմեջ տևել է 36 ժամ, այսինքն՝ 36 ժամ առանց հանգստի՝ ինքը դեկտեմբեր ամսվա սկզբին, այդ ձմեռային ցուրտ եղանակին գտնվել է պահակային ծառայության մեջ, որից հետո իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

Ինքը գլխի ցավից է գանգատվել, իրեն տեղափոխել են զնիվորական հոսպիտալ, որովհետև իր մոտ ախտորոշվել է դիմային նյարդի բորոբոքում: Ինքն այդ հիվանդության բուժման կապակցությամբ է գտնվել Զինվորական հոսպիտալում, այսինքն՝ մենք կարող ենք փաստել, որ, եթե ինքն  ապօրինի պահակային ծառայության մեջ չներգրավվեր, իր մոտ այդ խնդիրները չէին առաջանա, ինքը Զինվորական հոսպիտալում չէր հայտնվի: Հաջորդ կարևոր հանգամանքը. գործի փաստերից մեզ հայտնի է, որ դեկտեմբերի 28-ի առավոտյան այդ ջրծաղիկը, այսպես ասած, ըստ պաշտոնական տվյալների, նրա մոտ հայտնաբերելուց, ախտորոշելուց հետո կազմվել է տեղափոխման էպիկրիզ:

Մեղադրյալ Միքայելյանն այդ կապակցությամբ ցուցմունք տվեց, ասաց, որ ինքն է ստորագրել տեղափոխման էպիկրիզը և ուղեգիրը: Ո՞րն է պատճառը, որ նա նույն օրը չի տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, այլ տեղափոխվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 29-ին: Այստեղ իրենք բացատրում են հետևյալ կերպ. քանի որ որովայնի շրջանում ցավեր է ունեցել, վիրաբույժի հսկողության տակ է գտնվել, պահվել, և այդ է պատճառը, որ տեղափոխվել է մեկ օր ուշացումով: Այդ մի օր ուշացման պատասխանատուների հարցն է ամենակարևորը»:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ պատասխանատու է նյարդաբանական բաժանմունքի պետը, 2  վիրաբույժները, ովքեր  դատարանում ցուցմունք են տվել, բաժանմունքի պետը և բժիշկը:

Մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, պնդում էր, որ մեղադրյալների ցումունքների մի մասը չի համապատասխանում իրականությանը. «Ժամերը… Օրինակ, ասում է, որ առավոտը 5:30 էրեխես ուշաթափվեց, բայց իմ էրեխես 2:30-3:00-ին է ուշաթափվել, ոչ թե ուշաթափվել է, այլ իր ցավերից ցնցումների մեջ է ընկել»:  Մովսես Խաչատրյանը կարծում է, որ իր որդուն ավելի շուտ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց հասցնելու դեպքում նա կարող էր փրկվել:

«Ժամը 1:30, թե 12:30 ենք հասցրել, չգիտեմ, մոռացել եմ ժամը, Նոր Նորքի ինֆեկցիոն տարանք, արդեն ուշ էր: Ժամերի, րոպեների հարց էր: Կարող է փրկեին երեխիս, շուտ տանեինք: Իրենք՝ չէ: Որպես կանոն՝ էդ  նամենկլատուրային պահ կա չէ՞, որ հրամանը թույլ տա: Տեղից ո՞վ ռիսկ կենե զորամասի պետին ասի՝ զարթնի՛, էսպես խնդիր կա, գիշեր է, որպեսզի էրեխին սոնոգրաֆիա էնեն: Արել են, ժամը 11-ին են արել: Էլ ո՞ւմ է պետք: Էրեխես արդեն մահանում էր: Ժամերը, րոպեները մարդու կյանքի խնդիր են լուծում: Իմ թախանձագին խնդրանքներին, ինչո՞ւ չէ՝ նաև սպառնում էի, թե՝ տվե՛ք, տանեմ ուրիշ հիվանդանոց, դեղը գրե՛ք, էրթամ դեղ բերեմ՝ սրսկե՛ք, որպեսզի ցավազրկվի, ոչ մի բան չէ, չպիտի էնենք: Զինվոր է, ցավա պիտի: Վերջ: Մահացավ էլ, ջանդմիս չի մահանա: Զինվորն ո՞վ է, որ… Ինչո՞ւ  է գլուխս ցավում: Դատավորը խիստ զգուշացում է տալիս, որ ձեն չհանես, լռի՛ր, հեչ բան չըսես: Ինքն էլ սիրուն իր խոսքն է արտահայտվում: Կմտածեն՝ այս անմեղ մարդուն, խելոք, կիրթ, բժշկական գիտությունների դոկտոր է, ինչո՞ւ են բերել դատարան հասցրել»,- ասաց Մ. Խաչատրյանը:

Մահացած զինծառայողի հայրը նաև ասաց, որ գործում ներգրավված չեն այն մասնագետները, ովքեր անմիջականորեն առնչվել են նրա հետ, օգնություն են ցույց տվել նրան:

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս