ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք, ինչպես ակնկալում ենք, կլինեն առաջիկայում, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», – հայտարարել է Միլլերը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Դիտմիր Բուշաթին ընտրություններից հետո հայտարարել էր, որ դրանք չեն անցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության:

Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների խախտումներին անդրադառնալով՝ ԵՄ-ն իր հերթին կոչ է արել երկրի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս