Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա
Բարեկամավանի դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի, ավարտական՝ 12-րդ դասարանում աշակերտ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ, իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարևան Կոթի գյուղի, Նոյեմբերյան շրջկենտրոնի դպրոցներ։ Նոր՝ 2024-2025 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 18 աշակերտ, որոնցից 9-ը Արցախից անցյալ տարի բռնագաղթած, Բարեկամավանում բնակություն հաստատած 3 ընտանիքների երեխաներն են։
Անցյալ տարի դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, այս ուսումնական տարում կրթօջախը շրջանավարտ չի ունենա, 12-րդ դասարանն աշակերտ չունի։ Դպրոցի առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ով Արցախից բռնագաղթածների զավակ է։ Երկրորդ դասարանում նույնպես կա մեկ աշակերտ, 1-2 դասարանները միավորված, երկկոմպլեկտ են, 3-4-րդ դասարաններում միասին նույնպես 2 աշակերտ կա, այդ դասարանները ևս երկկոմպլեկտ են, 5-րդ դասարանն ունի 3 աշակերտ, այն առանձին դասարան է։
Երկկոմպլեկտ են նաև 6-7, 10-11 դասարանները։ Բարեկամավանի դպրոցի երկարամյա տնօրեն, իր գյուղի նվիրյալ Աստղիկ Ազատյանին մտահոգում է միայն դպրոցի աշակերտների փոքր թվաքանակը»: