«Ճաքը կա արդեն. սեպտեմբերին շարժումն ակտիվանում է և կասի իր խոսքը. սա պետք է իշխանազրկվի». Աբրահամ Գասպարյան
«Պարզից էլ պարզ է, որ վիճակն ավելի է լարվում, մենք հետզհետե ի դեմս Ռուսաստանի՝ ոչ թե փորձում ենք թեկուզ թղթով ամրագրված դաշնակցային հարաբերությունները զարգացնել, պահել, գուցե այլ ճանապարհներ գտնել, այլ…Մարդամեկին այս իշխանություններից արդեն ՌԴ-ում դեսպան են ընդունել, ինչը նշանակում է, որ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում գոհ են երկկողմ հարաբերությունների մակարդակից: Դա ենթադրում է, որ պաշտոնական Երևանը ամբողջությամբ հանձնել է իր ինքնիշխանությունն այլ պետությունների, իսկ ՌԴ-ին ձեռնտու է այն իշխանությունը, որը չի խանգարում ռուս-ադրբեջանա-իրանական հազար ու մի ծրագրերին: Մենք այստեղ որտե՞ղ ենք, մենք գնում ենք Արևմուտք, ասում են՝ եկեք՝ միջին միջանցք բացե՞նք»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
Անդրադառնալով իշխանությունների և նրանց արբանյակների այն քարոզչությանը, թե Հայաստանը կարող է մտնել ԵՄ, պարզապես ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններն են խոչընդոտում դրան, Աբրահամ Գասպարյանը հետևյալն ասաց. «Այդ խեղկատակները շատ լավ հասկանում են՝ իշխանությունը չեղավ՝ իրենք ոչինչ են, իրենք դալաններում են հայտնվելու, չգիտեմ՝ ամեն մեկի գրպանում քանի անձնագիր կա, որ երկիր կփախնի, բայց իրենք փախուստի են դիմելու: Հիմա այդ մարդիկ ի՞նչ են ասում, ասում են՝ մենք Եվրոպա ենք մտնո՞ւմ, լո՞ւրջ: Ընդամենը մեկ փաստ՝ միայն այն փաստաթղթերի տրցակը, որ ՀՀ ԱԺ-ն պետք է վավերացնի, նվազագույնը 2-3 գումարման ԱԺ է պետք, որպեսզի եվրաինտեգրման գործընթացում քեզ աչալրջորեն վերաբերվեն: Դեռ չեմ խոսում գեոպոլիտիկ նշանակության մասին, որ քեզ նայում են ընդամենը՝ որպես «պուպսիկ» այստեղ, որ հրամաններ պետք է կատարես և իրականացնես բացառապես հակառուսական առաքելություն: Դու Արևմուտքին հետաքրքիր ես այնքան, որքան հակառուսական պլացդարմ ես»:
Նա նկատեց՝ երկիրը կործանվում է, Փաշինյանը հեծանիվ է քշում. «Էդ հեծանիվի անիվի ձողերը կեր: Հայաստանի ճակատագիրը սեղանին դրած՝ թղթախաղ են խաղում, ու դու ասում ես՝ կեցցե հեծանի՞վը: Դու ի՞նչ ես, որ այս ամենը չես զգում, ընտանիքովդ հանդերձ կապիկություններ ու շոուներ ես կազմակերպում, գնում ես այստեղ-այնտեղ: Այս ամբողջը մշակված տեխնոլոգիաներ են: Նիկոլի համար ամեն օր քարոզարշավ է:
Թուրքական ասացվածքն ասում է՝ գժի համար ամեն օր Զատիկ է, իր համար էլ ամեն օր քարոզարշավ է: Սա պոպուլիստ էլ չէ, չգիտեմ ինչ է սա: Սրա ամեն ինչը միտված է իր իշխանությունը երկարաձգելուն: Այս խեղկատակից ի՞նչ սպասել: Կա միջազգային կոնսենսուս, դրա համար սա մինչև հիմա իշխանության է: Սրանց հետ բանակցությունը հեշտ է, որովհետև սրանք հատուկ եկան Արցախը հանձնելու, հանձնեցին, լիմոնի պես ճզմեցին, շպրտելու ժամանակը կգա. ով բերել է՝ նորից տանելու է սրանց: Չկա Արցախ՝ չկա խնդիր, դրա համար իրենց հետ կամ առանց իրենց բանակցելը հեշտ է: Այդ կոնսենսուսի ճաքը կա արդեն: Այդ կոնսենսուսի ճաքն ավելացնողը ներսից է լինելու:
Եթե ներսը եղավ միասնական, կարողացավ իր ձևակերպված խնդիրը ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ տանել առաջ և այդ համախմբումն ապահովել, ինչին լծված է Սրբազան շարժումը և շարունակում է այդ աշխատանքը, հաջողության հասնելու է»:
Նա շեշտեց՝ գործող իշխանության դեմ պայքարը երկարատև է, որովհետև գործ ունենք չարքի հետ. «Սա նեռն է, և սա ասում է ոչ հոգևորական մարդ: Պրոցեսի ներսում կան նրբություններ, որտեղ դու քո հակառակորդին, իսկ Փաշինյանի դեպքում՝ թշնամուն, դու լրիվ ուրիշ ռակուրսով ես տեսնում, և այո, մենք ունենք շատ լուրջ խնդիր այս մարդուն հեռացնելու հետ կապված, որովհետև ինքը կգնա այն քայլին, որին մեր ժողովրդի 99 տոկոսը չի գնա: Ես ինչ խնդիր էլ դնեմ իմ առջև, ես արյան չեմ գնա. Իսկ սա արյունարբու է: Այս չարքի դեմ պայքարը հեշտ չէ, դրա համար պետք է խնդրեմ մեր հայրենակիցներին համբերությամբ զինվել: Չենք ընկրկելու, որովհետև մեր խնդիրն այն չէ, ինչ ինքն է դրել իր առաջ՝ իշխանության պահպանում, մեր խնդիրը հայրենիքի փրկությունն է:
Ժամանակի ընթացքում արտաքին լսարանն էլ կհասկանա մեր ուղերձները: Որովհետև չարքը ոչ միայն ներսի համար է չարք, այլ նաև դրսի, հենց իրեն բերողների համար է չարիք սա»:
Աբրահամ Գասպարյանն ընդգծեց՝ սեպտեմբերին «Սրբազան շարժում»-ն Արցախի հարցի վերաբերյալ իր բոլոր ընկալումները կներկայացնի:
«Սա և իր մանկլավիկների թիմը պետք է իշխանազրկվեն և կանգնեն դատարանի առաջ: Սեպտեմբերին շատ ավելի մեծ թափով «Սրբազան շարժումն» ակտիվանում է, և սեպտեմբեր-հոկտեմբեր շատ ակտիվ է լինելու, և իր վերջին խոսքն այդ ժամանակ կասի»,-հավելեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում