ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչը զվարճացրեց Ստեփան Սաֆարյանին (տեսանյութ)

«Քաղաքական ընտրությունները Հայաստանում ավարտվել են 2013 թ. փետրվարի 18-ին և վերջակետ են դրվել ապրիլի 9-ի ինաուգուրացիայով»,- այսօր Երևանի ավագանու ընտրությունների շուրջ հրավիրված քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց տվյալ ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված ցուցակի 3-րդ համար Հովհաննես Թոքմաջյանը` հակադարձելով բանավեճին ներկա մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանին և դաշնակցական Արսեն Համբարձումյանին, ում կարծիքով`Երևանի ընտրությունները քաղաքական են:

Ըստ նրա` Ստեփան Սաֆարյանի և Արսեն Համբարձումյանի բարձրացրած խնդիրներն ընդամենը հող են նախապատրաստում 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համար: Միաժամանակ նա նշեց, թե չկա որևէ դեպք, որը քաղաքականության հետ առնչություն չունենա` օրինակ բերելով անգամ առաջին տիեզերագնաց Գագարինին, որը «շատ մեծ քաղաքական ռեզոնանս» առաջացրեց:

«Շատ կարևոր է, որ մենք ունենանք դինամիկ զարգացող Երևան»,- ասաց ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչը: Հ.Թոքմաջյանն առանձնացրեց Երևանի ենթակառուցվածքների և կանաչապատման «հսկայածավալ ավելացման» խնդիրը` նշելով, որ Հայաստանն ատոմակայան ունեցող երկիր է, և կանաչների ավելացման խնդիրը ստրատեգիական նշանակության հարց է: Հ.Թոքմաջյանը նշեց, որ վերջին տարիներին տեղի է ունեցել ճանապարհների լուրջ շինարարություն, էապես լավացել են ջրամատակարարման, էլեկտրասնուցման ապահովման և աղբահանության աշխատանքները:

Նշենք, որ Հ.Թոքմաջյանի ելույթի ժամանակ նրա արտահայտած տեսակետները բավական զարմացրեցին և նույնիսկ զվարճացրեցին «Բարև, Երևան» ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Սաֆարյանին, ով, որպես ռեպլիկ, արձագանքելով մասնագիտությամբ ինժեներ Հովհաննես Թոքմաջյանին՝ ասաց. «պարոն Թոքմաջյան, չի կարելի Երևան քաղաքի կանաչ տարածքները վերացնել և հիմա հանրությանը ներկայացնել, որ կանաչ տարածքները կարող են ստեղծվել նաև Երևան քաղաքում, քաղաք մտնող ճանապարհների մոտ, չի կարելի վերացնել Դալմայի այգիները, բայց հիպեր-սուպերմարկետներն ավելի կարևոր գտնվեցին, և զոհաբերվեց այդ այգին»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս