Րաֆֆին դարձավ Ռաֆայել Ռիչարդովիչ

Այսօր հայտնի դարձավ, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ դա մասնավոր այց է, և ինքը տեղեկացված չէ՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում, ո՞ւմ հետ է հանդիպելու Րաֆֆին Մոսկվայում: Բնականաբար, չափազանց ինտրիգային տոնով Փոստանջյանը չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում կարող է հանդիպել ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ անգամ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Մոսկվա մեկնելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ապրիլի 9-ի հանրահավաքում: Ընդ որում, այդ մասին հայտարարությունը նա արեց իրեն բնորոշ լիրիկական, անորոշ տոնով. եթե  ժողովուրդը ցանկանա, պատրաստ եմ հենց վաղը մեկնել Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ ու բերել «ժողովրդի հաղթանակը»: Փաստորեն, դա ոչ թե հանրահավաքային հուզախառն պոռթկում էր Րաֆֆիի կողմից, այլ ծրագրված քայլ:

Ապրիլի 9-ից հետո Րաֆֆիի հասցեին քննադատության պակաս չի զգացվում, ինչը բնական է: Բայց Րաֆֆիին ավելի շատ քննադատում են ապրիլի 9-ին չծրագրավորված գործողություններ կատարելու, ժողովրդին մենակ թողնելու և մի շարք այլ հարցերի համար: Այո, բոլոր այդ առումներով Րաֆֆին արժանի է քննադատության: Բայց բոլոր քննադատություններն, ի վերջո, կարելի է մեղմել՝ վերապահումներով, որ նա անփորձ էր, որ նրա կողքին չկար բավական հմուտ քաղաքական թիմ, որ մյուս կուսակցությունները նրան մենակ թողեցին: Բայց Րաֆֆին, բառի բուն իմաստով, պատռեց իր դեմքը ոչ թե ապրիլի 9-ի անկազմակերպվածությամբ, ոչ թե «զորավար» Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառությամբ, այլ Մոսկվա կատարած իր այցով: Ոչ թե այցի ֆիզիկական փաստով, բնականաբար, այլ Հայաստանում հասարակության ընդվզումը, ինչպես ինքն էր հայտարարում՝ «Ժողովրդի հաղթանակն» օտար պետության ղեկավարների հետ պայմանավորվելու արատավոր ավանդույթին տուրք տալով:

Ընդ որում, մշտապես արևմտամետի համարում ունեցող Րաֆֆին գնում է ոչ թե ԱՄՆ կամ Եվրոպա, այլ Ռուսաստան: Որովհետև հասկացել է, որ Հայաստանում բոլոր կարևոր հարցերն ի վերջո որոշվում են Ռուսաստանում: Հասկացել է այդ արատավոր, ինչպես ինքը կասեր՝ պետականակործան իրողությունը, ու ոչ թե պայքարում է դրա դեմ, այլ ինքն է մտնում այդ կանոնի մեջ: Դառնալով մեկը տասնյակ, հարյուրավոր այն «գործիչներից», ովքեր ի պաշտոնե՝ որպես հաստիքային աշխատողներ, կամ պարզապես մտածողությամբ՝ հավերժ ռուսասերներ, իրենց փրկությունը որոնում են Ռուսաստանում:

Րաֆֆին այսօր մեկնեց ոչ թե Մոսկվա, այլ գնաց, հավասարվեց հազար տարվա մե…, ներողություն, մեծապետականության առաջ խոնարհվող «հայ քաղաքական այրերին»:

Լուսանկարը՝ Արամ Շահինյանի

 

Տեսանյութեր

Լրահոս