ՀՀ-ն սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը Սյունիքով կապուղիների հարցով. Լավրով

Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լավրովի, այստեղ էլ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է: Դրանք, նրա խոսքով, ընդգրկում են իրավիճակի բոլոր կողմերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն` այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար:

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։ Այս հարցը մանրամասն դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն հայկական կողմի դիրքորոշման պատճառով ներկայում գործընթացը «կանգ է առել»։

Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին՝ Սյունիքում, ռուսական սահմանապահներ տեղակայել:

Տեսանյութեր

Լրահոս