Կիսափռված, կիսապառկած մարդու իրավունքներ

Երեկ Ազգային ժողովի նիստերի ընթացքը բավական դրամատիկ էր: Նիստը վարող ԱԺ նախագահն ու փոխնախագահները շատ հաճախ Նիստերի դահլիճում ստեղծում էին, այսպես ասած` «տնավարի» մթնոլորտ, ինչը միանգամայն համարժեք էր դառնում դահլիճում որոշ պատգամավորների կիսապառկած, կիսափռված վիճակներին: Ընդ որում` բացի «տնավարի» մթնոլորտի ձևավորումից, նիստը վարողները` որպես կանոն, պաշտպանում են իրենց կուսակցությանը` ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններից:

Երեկ, օրինակ, ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատողություն ստացավ թե՛ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից, թե՛ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Զ. Փոստանջյանն անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած «2011թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցին` նշեց ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների մասին:

«Պարոն Սերժ Սարգսյանը, լինելով Բաղրամյան 26-ում, այնտեղից հրահանգ տվեց, որպեսզի մեր նկատմամբ կիրառվի բռնի գործողություն, բայց մենք, պարոն Սարգսյան, որևիցե անձի թույլ չտվեցինք, որ Ձեր ուղարկված մարդկանց նկատմամբ, Ձերը չեն այդ մարդիկ, մերն են, որևիցե մի ոստիկանի նկատմամբ բռնություն չկիրառվի, և Ձեր նկատմամբ նույնպես թույլ չենք տալու, որ որևիցե բռնություն կիրառվի»,- ասաց պատգամավորը, ում ելույթն ընդհատեց ԱԺ նախագահը` հորդորելով, որ նա խոսի ըստ էության: Չնայած դրան, պատգամավորը շարունակեց իր ելույթը` Ս. Սարգսյանին համարելով «գրպանահատ», ով ապրիլի 9-ին կեղծ երդում է տվել:

Այս հայտարարությունից հետո Հ. Աբրահամյանը հորդորեց նրան չվիրավորել իշխանություններին, այնուհետ ավելացրեց. «Ես նկատում եմ, որ Դուք հուզված եք»: Զ. Փոստանջյանն իր վերջին նկատողությունը ստացավ իր հաջորդ ելույթի ժամանակ, այս անգամ, սակայն, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից: Սրան ի պատասխան, Զ. Փոստանջյանը վերջինիս խորհուրդ տվեց «լուռ լսել» իրեն: Է. Շարմազանովն էլ իր հերթին` նշեց, թե իրենք, կարծես, դերերով փոխվել են, ապա կրկին հորդորեց խոսել` ըստ էության:

Կարդացեք նաև

Հաջորդ դրամատիկ իրավիճակը Մի պաշտպանի երկրորդ զեկույցի շուրջ ստեղծվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցից հետո, ով նախքան հարց տալը` նշեց, որ ինքը հիասթափվել է ՄԻ պաշտպանի զեկույցից, ապա հետաքրքրվեց, որ որո՞նք են մարդու իրավունքների խախտումների այն 31 դեպքերը, որոնց որոշումների մասին խոսվել է զեկույցում: «Եվ մյուսը, որ Դուք նշեցիք այն հարցերին ի պատասխան, որ Դուք նշեցիք, որ Ձեր լիազորություններից դուրս է նախաքննության մեջ գտնվող գործերով, կասեցված գործերով գնահատականներ տալու, որ պետք է սպասեք, որ դրանք ավարտվեն, հետո գնահատական տաք, կարծում եմ, որ դա ճիշտ մեկնաբանություն չէ:

Դուք առանց այդ էլ սահմանափակ լիազորություններ ունեք, և սահմանափակում եք Ձեր լիազորությունները: Ասեմ, թե ինչո՞ւ. ուրեմն, երբ իմ գործընկերը Մարտի 1-ի վերաբերյալ հարց հնչեցրեց, Մարտի 1-ի դեպքերից հետո հարուցված քրեական գործերի ընթացքում ՀՀ ՄԻ 2-րդ պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես եկավ հրապարակային զեկույցով, որով աջակցեց ընթացող նախաքննությանը: Հիմա նույն հարցը տրվում է, որ գործն ընթանում է, ինչո՞ւ որևէ գնահատական չկա դրա հետ կապված, նույնն էլ երեկվա (ապրիլի 9-ին.- Մ.Մ.) դեպքերի հետ կապված` ասացիք, որ պետք է սպասեք, հարցումներ անեք»,- օմբուդսմենին դիմեց Է. Մարուքյանը:

Օմբուդսմենն էլ հայտնեց իր վիրավորանքը, ապա ասաց. «Եթե ես չհարգեի այն ուսադիրները, որոնք կրում են բոլոր պետական մարմիններն ու պետական պաշտոնատար անձինք, միգուցե իմ արձագանքը կլիներ սուր, չնայած ես հարգում եմ օմբուդսմենի ուսադիրը և փորձում եմ լինել հնարավորինս կոռեկտ, չնայած միշտ չէ, որ մարդկայնորեն հեշտ է դեմագոգիային, մոլորեցնելու փորձերին, ստին արձագանքել շատ կոռեկտ ձևով»: Է. Մարուքյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Մի պաշտպանը վիրավորում է ԱԺ պատգամավորին:

Ինչևէ, ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների մասին, սակայն, ՄԻ պաշտպանը որևէ պատասխան չտվեց: Փոխարենը` լրագրողների հետ զրույցում Ոստիկանության այդ օրվա գործողությունները համաչափ գնահատեց ՀՀ արդադարատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

«Երեկվա (ապրիլի 9-ի.- Մ.Մ.) իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին ժամանակահատվածներում շատ բան է փոխվել, և դրա հետ միաժամանակ` փոխվել է նաև մեր Ոստիկանությունը, որը գիտի, թե ինչպե՞ս պիտի պահի հավաքների ժամանակ, ի՞նչ է խաղաղ հավաքը, գիտի, թե ի՞նչ է աջակցել, գիտի շատ հստակ, թե ի՞նչ է նշանակում ձեռնարկված միջոցների համաչափությունը: Դա ցույց տվեց, որ շատ բան է փոխվել, երբ որ ոստիկանապետը, միգուցե մտքի խորքում ունենալով դառը, վատ իրադարձությունները, որ մենք ունեցել էինք, ոչ թե կաբինետում էր, ոչ թե տարբեր պաշտոնատար անձինք էին տեղում որոշումներ կայացնում, այլ ինքը հենց էնտեղ էր, և հենց ինքն էր որոշումներ կայացնում»:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Հ. Թովմասյանն ասաց. «Ցավում եմ, որ քաղաքական գործչի, հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվել, բայց էն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր զբաղվում, էն, ինչ որ տեսել և գնահատել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին»:

Հ. Թովմասյանի կարծիքով` Ոստիկանությունն իրեն ճիշտ է պահել այդ ամբողջ ընթացքում: «Ձեռնարկված բոլոր գործողությունները համաչափ էին այն վտանգներին, որոնք սպասվում էին,- ասաց նա՝ ավելացնելով,- Եվ Ոստիկանությունը շատ հստակ և ճշգրիտ է ամբողջ ընթացքում իրեն պահել, բայց Ոստիկանությունն առաջին հերթին ունի իր խնդիրները, որոնցից է, առաջին հերթին, հասարական կարգի պահպանությունը, որը Ոստիկանությունն իրականացրել է»:

Երբ լրագրողները նկատեցին, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս ասել է, որ բախման չի տանի հասարակությանը, Հ. Թովմասյանն ասաց.

«Այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բոլոր հրապարակային ելույթներում ասել է, որ բախման չի տանելու, բայց Ր. Հովհաննիսյանը և իր կողմնակիցները նաև հստակ հասկանում էին և դրա մասին բարձրաձայնել էին, որ հավաքներին կարող են մասնակցել մարդիկ, ովքեր այլ նպատակներ ունեն կամ պայքարի այլ տարբերակներ, այլ ճանապարհներ են տեսնում»: Իսկ լրագրողների մյուս հարցերին վերջինս այլևս չպատասխանեց` արագ մտնելով ՀՀԿ խմբակցության սենյակ:
Մարինե Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս