Հազարավոր լեհեր հարգել են նախկին նախագահ Լեհ Կաչինսկու և սմոլենսկյան ավիաաղետի մյուս զոհերի հիշատակը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի հազար լեհեր այսօր հավաքվել են Վարշավայի կենտրոնում գտնվող նախագահական նստավայրի մոտ՝ հարգելու համար 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ գրանցված ավիաաղետի զոհերի, այդ թվում նաև նախկին նախագահ Լեհ Կաչինսկու հիշատակը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ծաղկեպասակներ է դրել այդ ավիաաղետի կապակցությամբ կառուցված հուշահամալիրի մոտ: Ավանդաբար այդ կապակցությամբ անցկացվող սգո միջոցառումները գլխավորում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ, պետության հանգուցյալ ղեկավարի երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին:
Ավիաաղետից երեք տարի անց Ռուսաստանը լեհական կողմին դեռ չի վերադարձրել Սմոլենսկի մոտ՝ Կատինում, կործանված Ту-154 ինքնաթիռի բեկորները: Այդ աղետի հետևանքով զոհվել էր 96 մարդ, այդ թվում նաև նախագահ Կաչինսկին, նրա կինը և Լեհաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: