Թուրքիան Ղրիմի խորհրդարանից պահանջել է չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը

Новый Регион թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պահանջում են, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը չեղյալ հայտարարի Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը:

Նախորդ շաբաթ Անկարայի այդ դիրքորոշումը հնչեցրել է Ուկրաինա մեկնած Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Մասնավորապես, թուրքական TRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ջեմիլ Չիչեքը տվյալ որոշման չեղյալ հայտարարման հարցը քննարկել է Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Ռիբակի հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, Չիչեքը տվյալ պահանջը հնչեցրել է Սիմֆերոպոլում՝ Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի հետ հանդիպման ժամանակ: Ղրիմի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունել են 2005 թվականի մայիսի 19-ին:

Գերագույն խորհուրդը նաև ապրիլի 24-ը հռչակել է որպես Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Տվյալ որոշումն ընդունվել է պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովի առաջարկով: Որոշման օգտին է քվեարկել դահլիճում ներկա 62 պատգամավորից 59-ը:

2010 թվականին Ղրիմի դատախազությունը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունվել է օրենսդրության խախտմամբ, քանի որ Գերագույն խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները: Սերգեյ Շուվայնիկովն անհիմն է համարում թուրքական իշխանությունների պահանջը:

Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն ընկալեն որպես եվրոպական երկիր, ապա նա պետք է այլ կերպ նայի այս հարցին: Նա կասկած է հայտնել, որ Ղրիմի խորհրդարանը չեղյալ կհայտարարի իր այդ որոշումը, քանի որ դա կլինի անհարգալից վերաբերմունք Ղրիմում բնակվող հազարավոր հայերի հանդեպ, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:

Տեսանյութեր

Լրահոս