Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են եղել, որ գործարար Էդգար Ավագյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, Ծաղկաձորում 2021 թվականից կառուցում է «Պալլադա» համալիրը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Ավագյանին պատկանում է ոչ թե ամբողջ համալիրը, այլ դրա բաժնետոմսերի 25 տոկոսը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարը վաճառել է իր բաժնետոմսերը և դուրս եկել այդ բիզնեսից: «Փաստը» կապ հաստատեց Էդգար Ավագյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները և նշեց, որ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ անընդհատ շահարկվում է Ալեն Սիմոնյանի անունը: «Այնքան այդ մարդու, այդ ընտանիքի անունը շրջանառեցին, շահարկեցին, որ կորավ հետաքրքրությունս այդ բիզնեսի նկատմամբ, ու վաճառեցի այն», – ասաց Ավագյանը՝ հավելելով, որ ինքն «անհիշելի ժամանակներից» է բիզնեսով զբաղվում, ու չէր կարող Ալեն Սիմոնյանը կապ ունենալ իր բիզնես գործունեության հետ: Կան տեղեկություններ, ինչի մասին ևս լրատվամիջոցները գրել են, որ Ավագյանը սնանկ է ճանաչվել:

Հարցնում ենք՝ այդ դեպքում ինչպե՞ս է հաջողվել նման գործարք իրականացնել: «Եթե ավելի մանրամասն ուսումնասիրեիք, կտեսնեիք, որ սնանկության գործընթացը դադարեցված է: Դա եղել է բանկի հետ կապված տեխնիկական խնդիր, երբ ես անձնական հարցերով եղել եմ արտերկրում, և փոքր գումարի հետ կապված ուշացում է արձանագրվել, և խնդիրներ են ծագել բանկի հետ: Իմ վերադարձից հետո այդ տեխնիկական խնդիրը լուծվել է, և սնանկության հարցը կասեցվել է»,- ասաց Էդգար Ավագյանը:

Հավելենք, որ թերթի ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ իսկապես սնանկության գործընթացը կասեցված է, այսինքն, երկար ժամանակ է՝ Էդգար Ավագյանն այլևս սնանկ չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս