«Դա դասադուլ չէ, կապիկություն է»
Արդեն մի քանի օր է` Համահայկական երիտասարդական շարժման անդամները, ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարել են, որ այսօր առավոտյան 09:00-ից դասադուլ են իրականացնելու:
Դասադուլը, ըստ շարժման հայտարարության, մեկնարկելու է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքից ու շարունակվելու է բուհերով` մինչև Ազատության հրապարակ, որտեղ երդմնակալության արարողություն է իրականացնելու Րաֆֆի Հովհաննիսյանը:
168.am-ն այս առնչությամբ զրուցեցինք ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆի Քարամյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ պետական համալսարանը չի խոչընդոտում այն ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն մասնակցել հայտարարված ակցիային: «Մենք ընդհանրապես ոչ մեկի շահերը չենք ոտնահարում: Պարզապես ասում ենք, որ դասապրոցեսը չխանգարեն: Դասից դուրս ով ինչ ուզում է` թող անի: Բացակաների խստությունը ո՞րն է: Չորս բացակա չենք կարող դնել: Գնացին մասնակցեցին` կստանան, նստեցին դասին` չեն ստանա բացակա: Ես` որպես ուսխորհրդի նախագահ, չեմ գնալու դասախոսներին ասեմ, թե մասնակցում են դասադուլին, լավ են անում, բացակա մի դրեք: Ի՞նչ անենք` երեխեքին հավաքենք մի տեղ՝ ծեծե՞նք: Ոչ մի ճնշում էլ մասնակցել պատրաստվող ուսանողների հանդեպ չկա»,- ասաց Ռ. Քարամյանը:
Նրա խոսքով՝ ուսանողների հանդեպ խիստ վերաբերմունք բուհում ոչ ոք ցուցաբերել չի կարող, որովհետև նրանք ազատ քաղաքացիներ են և իրավունք ունեն մասնակցելու նմանատիպ ակցիաներին: Բայց միաժամանակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հորդորում է դասապրոցեսի ժամանակ մասնակցել դասին. «Ուսանողները վճարում են դասերի համար: Ծնողները վճարում են, որ իրենց երեխան կրթություն ստանա, իսկ նրանք հեշտ չեն վաստակում այդ փողերը, բայց դասի նստելու փոխարեն եսիմ ինչերով են զբաղվում»: Իսկ առհասարակ Ռաֆի Քարամյանը չի կարծում, թե դասադուլին մասնակից համալսարանականները շատ կլինեն: Նրա համոզմամբ` դրանք այն ուսանողներն են, ովքեր «իրենց պարապ ժամանակն այդկերպ են լցնում: Դա դասադուլ չէ, կապիկություն է»:
Հայտարարված դասադուլի առնչությամբ մենք զրուցեցինք նաև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի հետ, ով ևս վստահեցրեց, որ ճնշումներ դասադուլին մասնակցող իրենց ուսանողների հանդեպ չեն լինելու. «Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, անկախ նրանից` ուսանո՞ղ է, թե՞ ոչ: Բայց ես կողմ եմ, որ ուսանողը դասապրոցեսի ժամին ներկա լինի դասին, իսկ դրանից հետո որքան ուզում է թող արտահայտի իր դիրքորոշումը, տեսակետը: Ես կողմ չեմ դասի ժամանակ որևէ ակցիա իրականացնելուն, որը կխանգարի դասապրոցեսին»:
ԵՊՃՀ ուսխորհրդի նախագահի հավաստմամբ, համալսարանը, բուհի ռեկտորի մակարդակով, չի վերահսկելու դասադուլին մասնակցելու հարցը, ճնշումներ կամ խիստ վերաբերմունք չի ցուցաբերելու մասնակից ուսանողների նկատմամբ, իսկ բացակաների խստությունը, ըստ նրա, լինելու է սովորականի պես. «Այնպես չէ, որ մենք բացականեր չենք դրել ուսումնական պրոցեսի շրջանակներում, որ դասադուլի մասնակիցներին միայն դնենք: Ամեն ինչ լինելու է սովորականի պես: Մենք վախեցնելու կամ ճնշելու խնդիր չունենք, որևէ տեսակի հրաման կամ հայտարարություն, որ՝ եթե մասնակցեք, դուրս կմնաք համալսարանից, մենք չենք արել: Բուհում ազատ մթնոլորտ է»,- նշեց նա:
Գոռ Վարդանյանը կարծում է, որ ուսանողը պետք է վարի ուսանողական կյանք ու չխառնվի քաղաքական որևէ հոսանքների, բայց այդ դեպքում էլ հավաստիացնում է, որ ԵՊՃՀ-ի ուսանողները իր ընկերներն են «լինի դա բարգավաճական, դաշնակ, լևոնական, թե բարև դաշինքի անդամ», ում հանդեպ ինքն անձամբ սրտացավ է: