Հովհաննես Քաջազնունու քննադատական հոդվածն Արևմուտքի վարած քաղաքականության և Ֆրիտյոֆ Նանսենի դեմ

Նորվեգացի գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անունը համաշխարհային իրականության մեջ ամենահայտնի ու հնչեղ անուններից է: Նրա բազմաբովանդակ կենսագրության մեջ բացառիկ է նաև հումանիստական աշխատանքը:

1918 թվականին Նանսենը ստանձնում է Ազգերի լիգայի Նորվեգիայի ներկայացուցչի պաշտոնը: Բազմաթիվ կարևոր ու մարդակենտրոն գործեր է կատարում նա այդ պաշտոնում: Աշխատանքի շրջանակներում նա օգնում է տարբեր ազգերի ներկայացուցիչներին և զբաղվում տարբեր ազգերի մարդկանց խնդիրներով:  Նրա դիտանկյան կենտրոնում մարդն էր ու բարի գործը: Նանսենի անունը շատ ենք հիշում ու մեջերում նաև մենք՝ հայերս:

1924 թվականից նա անձամբ է սկսում զբաղվել հայ փախստականների հարցերով: Դա պատահականություն չէր, քանի որ Նանսենը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: Նա սկսում է զբաղվել դրամահավաքով, հայ գաղթականների վերադարձով և հայանպաստ այլ գործերով: Հայանպաստ մի շարք ծրագրեր իրականացնելու համար և իրավիճակին ծանոթանալու համար նա 1925 թվականի հունիսին ժամանում է Հայաստան, լինում Երևանում և մի շարք այլ բնակավայրերում:

Կարդացեք նաև

Այդ օրերի իրադարձությունների մասին մամուլը գրում է հոդվածներ: Այդ նույն շրջանում Նանսենի ու Արևմուտքի վարած քաղաքականության դեմ մի հետաքրքիր հոդված է տպագրվում Երևանում լույս տեսնող «Անապաստան երեխա» թերթում: Թերթն անդրադառնում էր ցեղասպանությունից հետո անտուն մնացած երեխաների սոցիալական ու կենսական խնդիրներին: Հոդվածի հեղինակը Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին էր: Հոդվածի սկզբում Քաջազնունին նուրբ քննադատությամբ ներկայացնում է Ֆրիտյոֆ Նանսենի այցը Երևան.

«Աբովյան փողոցն ի վար իջնում էր հանդարտորեն Ֆ. Նանսենը, իր շքախմբով հանդերձ: Հայկազյան դիմագծով մի մարդ՝ հյուրընկալողներից մեկը, անշուշտ, բան էր պատմում մեծանուն եվրոպացուն, խոսքի պակասը լրացնելով առատ ու եռանդուն շարժումներով: Եվրոպացին՝ սառն ու քաղաքավարի, իր վիկինգյան հասակից վեց ու կես ոտնաչափ բարձրությունից՝ ուշադրությամբ լսում էր (կամ ձևացնում էր, թե լսում է ուշադրությամբ) Հայաստանցու ասածը: Նանսենի թիկունքում Աբովյան փողոցից շա՜տ հեռու, այստեղից անտեսանելի ու անհասանելի Ժնևում բազմել էր Ազգերի Լիգան: Իսկ սրա թիկունքին թառել էին աշխարհի այսօրվա տերերը, դաշնակիցները, էլ ավելի անհասանելի բարձունքների վրա գտնվող պետությունները: Այն իսկ դաշնակիցները, որոնք երեք ու կես տարի առաջ, Լոզանում, բեմադրեցին բարձր դիվանագիտության հերթական ֆարսը»: («Անապաստան երեխա», Երևան, 1926 թվական, թիվ 1):

Քաջազնունու այս հոդվածը, ինչպես նաև քաղաքական դիրքորոշումը պատահականություն չէր, քանի որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից, ձերբակալումից հետո 1923 թվականին նա դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: 1924 թվականին վերադառնում է Հայաստան, իսկ 1925 թվականին  ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և սկսում բուռն աշխատանքային շրջան: Արևմուտքի վարած քաղաքականության դեմ Քաջազնունու քննադատությունը բխում էր քաղաքական գործչի այդ շրջանում գաղափարական հիմնարար հավատամքով: Հոդվածի հատկապես երկրորդ մասում նա ներկայացնում է Երևանի քաոսային վիճակը, Արևմուտքի անտարբերությունն ու ազդարարում ապագայի հատուցման մասին.

«Նանսենի ճամփի վրա, նույն Աբովյան փողոցում, մի կիսավեր պատի տակ, խմբվել էին մեր «խուժանները»,-ութից տասը տարեկան մերկ ու վտիտ մանուկները: «Խուժանը» աղմկում էր անսանձ ու անպատկառ, ինչպես միշտ: Կարծես չէր նկատում կամ բանի տեղ չէր դնում Եվրոպայի ներկայությունը Աբովյան փողոցում, տարված էր իր սեփական գործերով, շատ զբաղված էր: Մեկը գտել էր փողոցում պապիրոսի մնացորդ: Մյուսները շրջապատել էին նրան և չարաճճիորեն աշխատում էին խլել ձեռքից, հրհրում էին իրար, հրճվում ինչպես աշնան ճնճղուկներ ու հայհոյում:

Օդը զնգում էր տարափող հիշոցներից: Մեկը մյուսից հոյակապ, մեկը մյուսից լիահնչյուն ու գեղանկար, վարպետորեն հորինած ու առատորեն համեմած: Մանկական անմեղ կոչված շրթունքներից ելնում էին խոսքեր, որոնցից կկարմրեին մայթի քարերը, եթե միայն մայթի քարերը հասկանային հայերեն: «Խուժանները» չէին կռվում: Ցավից կամ զայրույթից չէր, որ հիշում էին իրար հորն ու մորը, մինչև յոթը պորտ տակն ու վրան, քիթն ու բերանը: Պարզապես զվարճանում էին մեր փոքրիկները: Չէ՞ որ սրանք էլ պահանջ ունեին զվարճանալու: Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, ուրիշ ի՞նչ միջոցներով կարող էին զվարճանալ կյանքից դուրս վտարված, պատերազմող աշխարհի այս վիժածները, կոտորածի ու ավերածի թշվառության ու արհավիրքի անտուն զավակները…

Տեսնո՞ւմ էր Նանսենը այս «խուժանը»: Եվ եթե տեսնում էր, ի՞նչ էր մտածում: Գլխի ընկնո՞ւմ էր արդյոք, որ անիրավության և անարդարության այս զոհերը, զրկվածների ու անարգվածների այս խումբը հասունանալու է մի օր, գիտակցության է գալու, ոտի է ելնելու և զրկվածների, շահագործվողների, ուրիշ անարգվածների բանակին միացած՝ պինդ բռնելու է Փարիզում ու Լոնդոնում նստած խոզեյինների օձիքից: Պինդ բռնելու է օձիքից, սեղմելու է կոկորդը, ծեփելու է երեսին իր հիշոցներից ամենաընտիրը և հաշիվ է պահանջելու: Թող Նանսենը քալե հանգստորեն Աբովյան փողոցն ի վար. նա այն տարիքին է արդեն, որ չի տեսնելու հատուցման օրը: Բայց «խուժանը» դեռ նոր է անցնում կյանքի շեմքը: Նա ժամանակ ունի սպասելու, ատելության ու զայրույթի ուժ կուտակելու և զարկելու, երբ հնչի հաշվետվության ժամը»: (Նույն տեղում):

Նանսենի հայանպաստ գործունեության կողքին հարկ համարեցինք խոսել նաև այս հոդվածի մասին, որում կա քննադատություն Նանսենի և, բնականաբար, Արևմուտքի վարած քաղաքականության մասին: Ամենի հիմքում, բնականաբար, ժամանակի աշխարհաքաղաքական, ինչպես նաև ներքին քաղաքական իրավիճակն է: Իսկ հոդվածը գալիս է լրացնելու այն, որ Նանսենի վարած հայանպաստ որոշումները ժամանակին ոչ միակարծիք են ընդունվել Հայաստանում:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս