Բաժիններ՝

ԶԼՄ. ՆԱՏՕ-ում ավելի ու ավելի են վախենում, որ Բայդենը չի կարողանա հաղթել Թրամփին

Դիվանագետներն ու համաշխարհային առաջնորդները, որոնք պատրաստվում են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, մասնավոր զրույցներում խիստ մտահոգություն են հայտնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի, առողջության և 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու կարողության վերաբերյալ, գրում է Politico-ն։

Պարբերականը զրուցել է ՆԱՏՕ-ի կամ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված 20 մարդկանց հետ, որոնք բանավեճից շատ առաջ արդեն զգուշավոր կասկածներ ունեին Բայդենի շանսերի վերաբերյալ:

Նրանք այժմ տագնապով և մտավախությամբ են արձագանքել Դոնալդ Թրամփի հետ բանավեճում Բայդենի վերջին ելույթին:

«Պետք չէ հանճարեղ լինել տեսնելու՝ որ նախագահը ծեր է։ Մենք վստահ չենք, որ եթե նույնիսկ հաղթի, նա կկարողանա ապրել ևս չորս տարի»,- ասել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրի մի պաշտոնյա։

Մեկ ուրիշ զրուցակից ասել է, որ Բայդենի ելույթը բանավեճում «ցավալի էր դիտել»:

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ Բայդենը ստանա երկրորդ ժամկետը, որպեսզի մենք ստիպված չլինենք նորից գործ ունենալ Թրամփի հետ, բայց դա այնքան էլ հուսադրող չէ», – ասել է նա:

Դաշնակիցները մտահոգված են Բայդենի քաղաքական դիրքով և վերընտրվելու հնարավորություններով՝ հաշվի առնելով նրա տարիքը, ասել են երեք դիվանագետները:

«Կարծում եմ, որ նրա համար շատ դժվար կլինի շարունակել իր նախընտրական քարոզարշավը և մնալ իր պաշտոնում», – ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ հավելելով, որ թեև նրան փոխարինելու մասին որոշումը կախված է Դեմոկրատական ​​կուսակցությունից, սակայն նրանք պետք է «դիտարկեն բոլոր տարբերակները»:

ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգությունների թվում է նաև, թե որքան ժամանակ Բայդենը կկարողանա հավաքել ամերիկյան աջակցությունը Եվրոպայի պաշտպանության համար:

«Մենք ավելի շատ ենք խոսում սեփական պաշտպանության մասին, քանի որ, կարծես թե, Թրամփը վերադառնում է», – ասել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի պաշտոնյան:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ դժգոհ Բայդենի ղեկավարությունից, քանի որ շատերը կարծում են, որ նա չափազանց զգուշավոր է եղել զենք տրամադրելու և Ռուսաստանին հարվածելու համար Կիևին թույլտվություն տալու հարցում:

«Արդյո՞ք ԱՄՆ-ն առաջատարն է, թե՞ պարզապես մասնակցում է, ինչպես բոլորը»,- Վաշինգտոնում հարցրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը։

Այս բողոքները հիմնականում, որպես կանոն, հնչում են դաշինքի Արևելյան Եվրոպայի անդամներից, որոնք ցանկանում են, որ Ուկրաինան սահմանափակումներ չունենա ռազմական օգնության օգտագործման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս