Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. հղի կինը հիվանդանոցում է. նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանը, վարելով Volkswagen Vento մակնիշի 10 ՕS 829 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, ավտոմեքենայի անվի պայթելու հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտի մեջ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գայանե Դանիելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են, իսկ Գայանեն հղի է: Հիվանդանոցից հայտնել են, որ նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ալիկ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի