Վերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին. Ռոման Երիցյան

Հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննեց  Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որոշեց կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 20 օրով, իսկ մինչ այդ իրավապահները խուզարկել էին քաղաքապետի բնակարանը։

168.am հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։

«Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա։

Ըստ էության սա հանգեցնում է  հետևյալ հետևանքին, որ եթե Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել, թե Առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։

Կարդացեք նաև

Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր, և ըստ էության խափանման այդ միջոցն այլևս չկար։ Ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- նշեց Ռոման Երիցյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ նույն  տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։

«Մենք Դավիթ Սարգսյանին ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով հատուցման հայցապահանջ ենք ներկայացնելու։ Ավելի քան վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելու նաև տնային կալանքի որոշումը և երկու ամիսը դեռ չլրացած՝ քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։

Վերաքննիչը հստակ նշել է, որ քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին՝ սա նշել է սևով սպիտակի վրա, իսկ ազատությունից զրկելը կարող ենք դիտարկել թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը»,- շեշտեց Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված է օկուպացված Մարտակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվում է  տնային կալանք խափանման միջոցը։

Տեսանյութեր

Լրահոս